Ցանկացած պայմանագիր գործարք է: Այդ բառից պետք չէ վախենալ. դու ինչ-որ բան զիջում ես, որպեսզի ինչ-որ բան ստանաս: Եթե քեզնից ստանալիք չկա, կամ դու ստանալիք չունես, պայմանագիր կնքելն անիմաստ է:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչից ենք հրաժարվում եւ ինչ ենք ստանում: Մի կողմ թողնենք հավաստիացումները, թե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Այս պահին աշխարհում մի քանի զինված հակամարտություն կա՝ այն պետությունների միջեւ, որոնք փոխադարձաբար (թղթի վրա) այդ ամենը ճանաչել են: Վերցնենք որպես օրինակ այն երկու կետերը, որոնք մինչեւ վերջերս, ըստ կողմերի, համաձայնեցված չէին, իսկ հիմա «համաձայնեցվեցին», այլ կերպ ասած՝ Հայաստանը կատարեց նաեւ այդ զիջումները:
1/ Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելը: Բացի նրանից, որ կառավարությունն այդ հայցերից հրաժարվելու իրավասություն չունի, բովանդակային առումով դա նշանակում է, որ մենք այլեւս չենք պնդում, թե Ադրբեջան պետությունը, ադրբեջանցիները հայերի դեմ հանցագործություններ են կատարել: Դա, իհարկե, համապատասխան էմոցիոնալ արձագանք է առաջացնում: Բայց, դրանից զատ, կա գործարքի տրամաբանություն. Ադրբեջանն էլ այդ դեպքում պետք է հայտարարի, թե այլեւս չի պնդում, որ Հայաստանը, հայերը հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ: Արդյոք մենք ստացե՞լ ենք այդ դիվանագիտական արդյունքը: Ո՛չ, հայերին այժմ դատում են Բաքվում: Ավելին՝ Ադրբեջանը հիմա փաստացի պահանջում է, որ Հայաստանն իրեն հանձնի իր տարածքում գտնվող «հանցագործներին»:
2/ «Երրորդ երկրների ներկայացուցիչների», ավելի կոնկրետ՝ Եվրամիության դիտորդների հեռացում հայ-ադրբեջանական սահմանից: Հիշեցնեմ, որ այդ դիտորդների ներկայությունից ամենաշատը բողոքում էր Ռուսաստանը: Իսկ Փաշինյանի «եվրոպամետ» քարոզիչները, հակառակը, պնդում էին, որ այդ դիտորդների առկայությունը մեր ինքնիշխանության եւ անվտանգության առհավատչյան է:
Դա, իհարկե, այդպես չէ: Բայց ի՞նչ ենք մենք ստացել այդ զիջման դիմաց: Ադրբեջանցիները գոնե մեկ մետր նահանջե՞լ են Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածից, որը զավթել են երկու-երեք տարի առաջ:
Որ «խաղաղության համաձայնագիրն» ամենեւին խաղաղության մասին չէ, դա լավագույն ձեւով փաստում են հենց իրենք՝ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ըստ նրանց՝ իրենք համաձայնագիր չեն ստորագրի, մինչեւ Հայաստանը չփոխի սահմանադրությունը եւ չմիանա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարությանը:
Կարծում եք, դրանք վերջի՞ն պահանջներն են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ կազմակերպված հերթական շոուն»․ Գառնիկ Դանիելյան. Լուսանկար
Միանգամից ասեք, որ մարդիկ իմանան, թե խաղաղությունն ինչ գին ունի․ Տեր-Աբրահամյան
Այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք Պրահա 2. Բագրատ սրբազան