01/05/2025

Նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը չվտանգող. Գալյան

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինելուն պես այն հրապարակվելու է, դրվելու է հանրային քննարկման, այս պահի դրությամբ դեռ պատրաստի պրոդուկտ չունենք:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մանրամասնելով, որ խոսքը խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է:

Լրագրողների հարցին, թե այնպես պետք է աշխատել, որ Սահմանադրությունը չվտանգի՞ խաղաղության համաձայնագիրը, նախարարը պատասխանել է. «Մեր վարքագիծը և գործելաոճը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որ մեր երկրում հաստատվի խաղաղությունը, և զարգանա անվտանգային միջավայրը»:

Գալյանը հավելել է, որ չի կարծում, թե գործող Սահմանադրությունը դրան խանգարում է և նշել, որ Սահմանադրության միակ տերը ժողովուրդն է և ժողովուրդն է ընտրելու՝ ունենա՞լ այս կամ այն Սահմանադրությունը, թե՞ ոչ: