18/03/2025

Ավելի շատ վիրավորվել եմ, որ ոստիկանները հայհոյել են, թքել․․․ Վանաձորում ոստիկանական «բեսպրեդել է»

«Ես ավելի շատ վիրավորված եմ ոչ թե նրա համար, որ անմարդկայնորեն ծեծել են, այլ նրա, որ ոստիկանին անհարիր պահվածք են ցուցաբերել, հայհոյել, արժանապատվությունը ոտնահարող ստորացուցիչ քայլերի դիմել»,- ասել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանը։

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները տուժողի բարեկամ Տիգրանին են բաժին հրավիրել, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել, հնչեցրել հայհոյանքներ, ստիպել, որ մեղքը վերցնի իր վրա։

«Այլ բան է, որ տուժող կողմը, այսինքն` իմ բարեկամները, գողության դեպքով իմ վրա կասկածեին։ Հակառակը, երբ դեպքը տեղի է ունեցել, տանը եղել են 2 տատիկներ, փեսայիս քույրն ու իր 2-ամյա երեխան։ Նա, ով զենք է պահել երեխայի վրա, դիմակավորված չի եղել։ Գողոնը վերցնելուց հետո նրանք դուրս են եկել, մեր բարեկամները զանգել են ինձ, ես էլ արագ գնացել եմ իրենց տուն, հետո դիմել ենք ոստիկանություն, այն հույսով, որ կգտնեն գողերին։ Իմիջիայլոց, ոսկին վերցնելուց հետո նրանք հանգիստ քայլում էին քաղաքի կենտրոնական մասով, անգամ տեսախցիկներն են նկարել»,- ասում է Տիգրանը։

Երիտասարդն ավելի շատ զարմացած է ոստիկանության ծառայողների կոպիտ վերաբերմունքից, չի կարողանում ներել նվաստացուցիչ հանգամանքները, երբ հայհոյել են իրեն ու թքել իր վրա։

«Ոստիկաններից մեկն ասաց՝ «Տիգրան ջան, արի մի քանի րոպե խոսենք», գնացի, շորերս հանեցին ու ասացին` տես, հիմա քեզ մշակում ենք։ Հայհոյել են, վիրավորել են, ձեռքերով գլխիս ու վզիս էին խփում։ Մի հոգի էլ քացով մեջքիս ու ոտքերիս էր խփում։ Ասում էին` ««պրիզնատ» արի, որ դու ես արել», ասում էի` «ես կյանքում նման բան չեմ անի»։ Երկու ժամ շարունակ ծեծել են։ Հետո սպառնացել են, որ այս մասին եթե մեկն իմացավ, իմ համար վատ կլինի»։

Տիգրան Ուլուբաբյանը երեկ հիվանդանոցում բուժզննում է անցել։ Պարզվել է, որ գլխի հատվածում բազմաթիվ հարվածներից ստացել է սալջարդեր։ Համացանցում երեկ ակտիվ տարածվեց այն խայտառակ տեսանյութը, թե ինչպես են ծեծված քաղաքացուն ձեռքերի տակ պահելով դուրս բերում Ոստիկանության բաժանմունքից և փոխանցում շտապ օգնության բժիշկներին:

Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը զոհվել են Արցախի համար մղված պատերազմներում, մայրը՝ մահացել է։ Տիգրանն ընտանիքի միակ տղան է և ինքն էլ մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին։ Այժմ ապրում է Վանաձորում միայնակ։ Այսօր եկել է Երևան, հանդիպել փաստաբանի հետ։