16/02/2026

Անկարան կառավարվում է Բաքվից, այսպես մինչև երբ և ուր

Baku

Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիկը հայտարարել է, որ Անկարան կարագացնի Հայաստանի հետ հարաբերության կարգավորման գործընթացը, երբ Երևանը կատարի Ադրբեջանի առաջ քաշած պայմանները՝ Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը:

Թուրքիայի կառավարող կուսակցության ներկայացուցչի այդ հայտարարությունը վկայում է, որ Հայաստանին ներկայացվող ադրբեջանական պահանջները, ըստ էությանլ նաև Թուրքիայինն են:

Սակայն հարցը, իհարկե, ավելի լայն է, քան զուտ այդ պահանջները: Հայաստանի հետ հարաբերությունը Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությամբ է պայմանավորում ոչ այն պատճառով, որ այսպես ասած «գերի» է «կրտսեր եղբոր» քմահաճույքին:

Իհարկե, Ադրբեջանի և Թուրքիայի այսպես ասած տեսլականները, հորիզոնները տարբեր են, պայմանավորված նրանց աշխարհաքաղաքական հետագծի ու տրամաչափի տարբերություններով, նաև զգալիորեն աշխարհագրության որոշակի տարբերություններով և դրանցից բխող իրողություններով:

Այդուհանդերձ, որքան էլ Անկարայի և Բաքվի միջև կան այդ տարբերությունները, հետևաբար, տարբեր հարցերում պատկերացումների «ապակենտրոնացվածությունը», այդուհանդերձ, հարկ է չմոլորվել և արձանագրել, որ Թուրքիան ու Ադրբեջանը քաշային միևնույն կատեգորիայում չեն և, այդուհանդերձ, ավելի շուտ և ավելի շատ Ադրբեջանն է ստիպված լինելու հաշվի նստել Թուրքիայի հետ, քան հակառակը:

Տվյալ պարագայում հարցն այն է, որ Հայաստանի հետ հարաբերության առումով Թուրքիան ինքն է կամովին «հաշվի նստում» Ադրբեջանի մոտեցումների հետ, որովհետև այդպես է դասակարգում Հայաստանի հետ հարաբերությունը:

Կապելով հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցը հայ-ադրբեջանական կարգավորման հետ՝ Թուրքիան, ըստ էության, նվազեցնում է Հայաստանի գործոնը: Թվում է, թե այդ գործոնն ինչպես կարող է որևէ կերպ նկատելի լինել Թուրքիայի համար, երբ կա քաշային կատեգորիաների ահռելի տարբերություն, պարզապես անհամեմատելի տարբերություն:

Բայց տվյալ պարագայում հարցն ամենևին քաշային կամ ռեսուրսային հարաբերակցությունը չէ: Երբ հայ-թուրքական հարաբերությունը «առանձնանում» է հայ-ադրբեջանական պրոցեսից, Հայաստանը Թուրքիայի հանդեպ ստանում է արդեն այլ սուբյեկտային նշանակություն:

Ըստ էության՝ որոշակիորեն այնպես, ինչպես 2008-ի ֆուտբոլային դիվանագիտության պրոցեսում, որը Էրդողանը, ըստ էության, արգելակեց նաև հենց այդ հարաբերակցությունը թույլ չտալու համար: