Ինչպես է «արդարությունը» եւ «ժողովրդի կամքը» արդարացում դառնում աղետների համար Անեկդոտ «ձախ» գաղափարի վերափոխումների մասին: 1950-ականների սկզբին մարքսիստներ Պոլ Պոտը (այն ժամանակ՝ Սալոթ Սառը, որն ուսանում էր Փարիզի համալսարանում) եւ Ժան-Պոլ Սարտրը, հրաժեշտ տալով իրար Սենայի ափին, երդվում են, որ կերջանկացնեն ամբողջ մարդկությանը:
Տարիներ անց Պոլ Պոտը զանգահարում է Սարտրին եւ ուրախությամբ հայտնում, որ իր մասով կատարել է խոստումն ու երջանկացրել է իր ժողովրդին: «Ինչպե՞ս», – զարմանում է ֆրանսիացի փիլիսոփան: Պոլ Պոտի պատասխանը՝ «գնդակահարել եմ բոլոր դժբախտներին»:
Եթե նպատակը մարդկությանը երջանկացնելն է՝ ամբողջ մոլորակում ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդարություն հաստատելը, ապա այդ՝ միանգամայն «արեւմտյան» եւ գեղեցիկ հնչող գաղափարը կարող է բերել սարսափելի հետեւանքների: Ո՞վ է որոշում, թե որն է արդար, իսկ որը՝ անարդար: Ժողովո՞ւրդը: Մեծամասնությո՞ւնը:
Հետեւաբար, գոյություն ունի լավ, «որակյալ», արդարությանը ձգտող ժողովուրդ (մեծամասնություն) եւ «ժողովրդի անորակ մասը» (փոքրամասնություն): 1970-ականներին Կամբոջայում (Կամպուչիայում) մեծամասնություն էին կազմում աղքատ գյուղացիները: Նրանք էին, հետեւաբար, «ժողովուրդը», որը «զոհ էր դարձել» քաղաքներում բարեկեցիկ ապրող «հարստահարողների» («ոչ ժողովրդի»):
«Արդարությունը» ճնշված, արհամարհված, անտեսված խավի պաշտպանության մե՞ջ է: Դե, ուրեմն, պետք չէ զարմանալ, որ զոհը դառնում է դահիճ: «Ժողովրդի կամքն» այդպիսով ամբողջությամբ ձեւավորված էր:
«Ժողովրդավարական զանգվածները» Պոլ Պոտի եւ այլ հեղափոխականների ղեկավարությամբ գրավեցին մայրաքաղաք Պնոմպենը եւ սկսեցին «արդարություն հաստատել»: Ինչպե՞ս: Շատ պարզ, «ոչ ժողովրդին», այսինքն՝ քաղաքների բնակիչներին սկսեցին բռնի ձեւով տեղափոխել գյուղեր՝ ճանապարհին գնդակահարելով, սովամահ անելով եւ այլն:
Արդյոք «Կամբոջայի ժողովուրդը» ցանկանում էր, որ «արդարություն հաստատվի»` 1.5-2 միլիոն մարդու՝ բնակչության մեկ քառորդի սպանության գնով: Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Կարող եմ ասել միայն, թե այն, ինչ «ուզում է ժողովուրդը», տարբերվում է նրանից, ինչ ցանկանում են մարդիկ: Ակնհայտ է նաեւ, որ եթե Կամբոջայում իշխանության մնային «ամերիկյան իմպերիալիստների խամաճիկները», այդքան մարդ չէր սպանվի:
Մարդկության պատմության մեջ նման արտառոց, ծայրահեղ դեպքեր էլի կան, բայց ընդհանուր առմամբ «արդարություն հաստատելու», «մարդկանց երջանկացնելու» եւ «ժողովրդի կամքն» իրագործելու ձգտումը նման սարսափելի դրսեւորումներ չունի: Բայց «հաղթանակած ժողովուրդը» (լյումպենը, զանգվածը) բոլոր դեպքերում մշտապես հարմար «վարագույր» է եթե ոչ հանցագործությունների, ապա անարդյունավետ, անգրագետ, աղետաբեր կառվարման համար: Բարեկամներիցս մեկն առաջարկել է հետեւյալ դասակարգումը:
Կա պետության արդյունավետության երեք մակարդակ: Ամենաարդյունավետն այն է, երբ իրական ժողովրդավարական երկրներում (Արեւմտյան Եվրոպայում) ընդունված որոշումների համար հավասարապես պատասխանատու են ժողովուրդն ու իր ընտրած իշխանությունը: Ավելի վատ տարբերակ է, երբ ավտորիտար ղեկավարը միանձնյա որոշումներ է ընդունում, եւ ինքն էլ դրա համար պատասխանատվություն է կրում: Այդպես է, մասնավորապես, «նավթային պետություններում»:
Բայց ամենավատ համակարգը կեղծ ժողովրդավարությունն է. ավտոկրատը դարձյալ միանձնյա որոշում է կայացնում, բայց ստացվում է, որ այդ որոշումների պատասխանատուն «ժողովուրդն է»: Դա մեր մասին է: Կարելի է անել հիմարություններ, սխալներ, կարելի է գնալ մշտական տապալումների ճանապարհով եւ անընդհատ արդարանալ՝ «մենք ի՞նչ կապ ունենք, ժողովուրդն է այդ ընտրությունը կատարել»:
Արդյոք ժողովո՞ւրդն է ցանկացել, որ հայկական Արցախ այլեւս գոյություն չունենա, որ մեր գերիներին Բաքվում ստորացնեն ու խոշտանգեն: Գուցե ժողովո՞ւրդն է ուզում, որ գույքահարկը շեշտակի բարձրանա եւ փոքր բիզնեսը խեղդվի:
Դարձյալ՝ ես չեմ կարող պատասխանել այդ հարցերին: Բայց աղետի պատասխանատուն հաստատ ժողովուրդը չէ՝ կոնկրետ մարդիկ են, որոնք նստած են կոնկրետ աթոռներին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; «Առավոտ» օրաթերթ
Բաց մի թողեք
Ինչու ձախողվեց Հայաստանի անվտանգային համակարգը
2026-ը նման չի լինելու 2021-ին
«Մենք հերոսաբար պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար». Մարդիկ կան, որ դրան հավատում են