29/04/2025

Դատարանն ինչու անվավեր ճանաչեց ընտրությունների արդյունքները

Վերաքննիչ դատարանը բավարարել է Պոլիտեխնիկական համալսարանի նախկին դասախոս Դավիթ Ղազարյանի վերաքննիչ բողոքը եւ անվավեր ճանաչել 01.03.2021 թվականին (երկրորդ փուլ՝ մարտի 15-ին) տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Համալսարանի նախկին դասախոս, 2021-ի ընտրություններին ռեկտորի պաշտոնի հավակնորդ Դավիթ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Վերաքննիչ դատարանը, Պոլիտեխնիկի պատմության «ամենախայտառակ ռեկտորի ընտրությունների» կազմակերպումից ուղիղ 4 տարի անց, կայացրել է վճիռ եւ անվավեր ճանաչել ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին կառավարության որոշումը:

Հիշեցնենք, որ 2021թ․ ռեկտորի ընտրություններից մի քանի ամիս անց՝ պայմանավորված ռեկտորի ընտրությունների կեղծված արդյունքներով, Դավիթ Ղազարյանը դիմում գրեց եւ հեռացավ համալսարանից։ Ու չնայած առաջին ատյանի դատարանն իր հայցը 3․5 տարի քննել ու մերժել էր, բայց Վերաքննիչ դատարանը կես տարում գործը քննեց ու վճիռ կայացրեց։ Մասնավորապես, դատարանն ամրագրել է, որ ընթացակարգային խախտումներ են եղել, որոնք ուղղակի ազդել են ընտրության արդյունքների վրա, եւ դա մանրամասն շարադրվել ու տեղադրվել է նաեւ Դատալեքսում։
Այսպես, օրինակ․ «Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ սա նշանակում է, որ Հ․ Մուսայելյանը, չլինելով հաշվիչ հանձնաժողովի անդամ, ուղղակի մասնակցություն է ունեցել քվեաթերթիկների վավերության հարցի լուծմանը, ինչը բացառապես հաշվիչ հանձնաժողովի լիազորությունն է։ Այսինքն՝ վկայի ցուցմունքից բխում է, որ մինչեւ հաշվիչ հանձնաժողովի արձանագրության կազմումը երկու քվեաթերթիկների վավեր-անվավերության հարցերի պարզման ընթացքում հոգաբարձուների խորհրդի նախագահը մուտք է գործել սենյակ, ինչն առնվազն երրորդ անաչառ դիտորդի համար կասկածի տակ է դնում իրականացված գործողությունների անկողմնակալությունը, քանզի տեղի է ունեցել «առանձին սենյակի» անձեռնմխելիության, գաղտնիության խախտում: Սա էական խախտում է ընտրական գործընթացում, որն ուղղակիորեն ի չիք է դարձնում հաշվիչ հանձնաժողովի գործունեության գաղտնիության սահմանումով ամրագրված եւ անկախության բոլոր երաշխիքները, հետեւաբար, բավարար է նշված ընտրություններն անվավեր ճանաչելու համար»։

2020-2021-ին ՀԱՊՀ ռեկտորի պարտականությունները կատարած Ռուբեն Աղգաշյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է մտածում դատարանի կայացրած վճռի մասին, սակայն նա, հարցը լսելուց հետո, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ ի՛նքը չէ մեր հարցի ճիշտ հասցեատերը։

Համալսարանի պատմության մեջ արդյոք նախկինում եղե՞լ է նման նախադեպ՝ հետաքրքրվեցինք 2011-2014-ին ՀՊՃՀ ռեկտոր աշխատած Արա Ավետիսյանից, որը, սակայն, նկատեց, որ 2014-ից ի վեր, երբ դուրս է եկել համալսարանից, չի արձագանքել Պոլիտեխնիկում տեղի ունեցող որեւէ դեպքի․ «Ո՛չ ռեկտորի ընտրություններին, ո՛չ դրանից առաջ տեղի ունեցած ընտրություններին, ո՛չ վարույթներին․․․, թե ինչու պրոֆեսոր Արա Ավետիսյանը չի արձագանքել այս գործընթացներին, որովհետեւ չեմ ուզեցել վնասել շատ կարեւոր ուսումնական գործընթացին, այսինքն, մեկի կարծիքով՝ խախտումները, մյուսի կարծիքով՝ չխախտումները ինձ շատ չեն անհանգստացրել եւ ինձ ավելի շատ հետաքրքրել է, թե ուսումնական պրոցեսը ոնց է արվում, մենք այդտեղ կորուստներ ունե՞նք, թե՞ չէ…»։

Չի հետաքրքրվել, բայց սիրտը հաստատ ցավել է իր ղեկավարած համալսարանի հեղինակության ու վարկանիշի համար։ «Անշուշտ, եթե չցավեր, ես դիմում չէի գրի ու չէի հեռանա Պոլիտեխնիկ համալսարանից, այնպես որ՝ այդ դեպքն ինձ շատ չի հետաքրքրել, որովհետեւ Պոլիտեխնիկն այդ խորհուրդը, աշխատակիցները՝ ընտրությունների արդյունքին, այդ դեպքին մեծիմասամբ հանգիստ են վերաբերվել, ու դրա համար ես ուշադրություն չեմ դարձրել ու մտածել եմ՝ պոլիտեխնիկցիների մասնակցությունը գիտական կյանքում կա՞, թե՞ չկա, ինչով կարող եմ աջակցել, իրենք ինձ ինչով կարող են աջակցել»,- ասում է նա ու ընդգծում՝ շատ ուրախ է, որ այլեւս որեւէ վարչական գործ չի իրականացնում։
Եթե միայն համալսարանի գիտակրթական գործունեությամբ է հետաքրքրվում, ապա, իր դիտարկմամբ, վերջին 4 տարիներին համալսարանն առաջընթաց ապրե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն բարեփոխումներ։ «Ճիշտն ասած, ուրախացնում է մի բան, որ ընդհանուր հանրապետության գիտակրթական համակարգի կորուստների մեջ Պոլիտեխնիկում դրանք ամենաշատը չեն ու ավելի լավ են պահպանվել, քան մնացած բուհերում»։ Այդ հանգամանքն ավելի շատ ռեկտորի՞ շնորհքն է, թե՞ դասախոսական կազմի։ «Կարծում եմ՝ ավելի շատ բնագետների ու տեխնիկական կրթություն ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի արդյունքը, ամեն դեպքում, կորուստները քիչ են»։

Իր համար տարօրինակ չէ՞, որ ընդամենը 4 տարի հետո է արձանագրվում, որ տեղի է ունեցել խախտում, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ հիմա։ «Էն օրը տանը երդվել եմ, որ ոչ մի անգամ քաղաքականությանը կամ էս սոցիալական անարդարություններին չարաձագանքեմ․․․»։ Ինչո՞ւ, եւ մի՞թե սա արդարության խնդիր չէ։ «Ինձ համար տարօրինակ է, որ փաթեթներով մարդկանց մեղադրանք են ներկայացնում, տարիներով դա անիմաստ ձգձգվում է, հետո պարզվում է՝ մեկին արդարացրին, մեկին՝ որոշում կայացրին․․․, ես չնայած չեմ հետաքրքրվում, բայց չէի զարմանա, որ, օրինակ, մի քանիսի արդարացումը կամ մերժումն էլ հետմահու է, որովհետեւ այս համակարգն իսկապես շատ երկար է քննարկում մեղավորն ու անմեղը»։

Պոլիտեխնիկի նախկին դասախոս Արամ Միքայելյանը, որը դեռ 2021-ին բարձրաձայնել էր ընտրախախտումների մասին ու ռեկտորի ընտրություններից հետո հեռացվել համալսարանից, մեզ հետ զրույցում նկատում է, որ խախտումներն ակնհայտ էին թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, ի դեպ, որն արձանագրվել է մանրամասն դատարանի կայացրած վճռում։ «17 քվեաթերթիկը 3 ժամից ավել չեն հաշվում, եւ հստակ արձանագրվել է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը միջամտել է հաշվիչ հանձնաժողովի աշխատանքին, ակնհայտ է, որ ազդեցություն, լծակներ են եղել, ու «սղցնել-անցկացնելու» հոգեբանության մարմաջի մեջ ընկած՝ հերթական փորձն արեցին, բայց հարցը դա էլ չէ, այլ օրինական ու օրինաչափ ձեւով արժանավորին ընտրելու խնդիրն է․․․, այստեղ ես նաեւ քրեական գործ եմ տեսնում, որովհետեւ, ըստ էության, ընտրական կեղծարարություն է կատարվածը, եւ տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ վերաքննիչից բացի կա նաեւ վճռաբեկի որոշումը, որին պետք է սպասել, քանի որ ակնհայտ է, որ համալսարանը բողոքարկելու է վճիռը։

Ա. Միքայելյանն անդրադառնում է նաեւ իր դատական գործին․ «Հիմա ինձ աշխատաքից հեռացնելու անօրինական հրամանը, որը վերաքննիչում հստակ գրված էր, տարան վճռաբեկ ու համարեցին, որ դա հիմնավոր էր, եւ ես Պոլիտեխնիկին վիրավորել եմ․․․ բայց ես Պոլիտեխնիկին չեմ վիրավորել, այլ վիրավորել եմ Գոռիկին, Ոստանիկին ու հանցավոր խմբին, ավելին՝ նշեմ, որ հիմա այդ գործը՝ ինձ աշխատանքից ազատելու վճռաբեկի որոշումը, գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում․․․ ճիշտ է՝ ժամանակիս մեծ մասը գնացել է անօրինականությունների դեմ ընդվզելով, բայց ես իմ ուսանողներին ու ասպիրանտներին ասել եմ, որ սա ավելի կարեւոր է, քան 5 գիտական հոդված «Սկոպյուսի» ամենաբարձր վարկանիշային ամսագրերում տպելը»։
Հավելենք, որ ՀԱՊՀ հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժնից մեր հարցմանն ի պատասխան նշել էին, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով, ինչը Պոլիտեխնիկական համալսարանի կողմից կիրացվի օրենքով սահմանված կարգով։