ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման ամենամեծ խնդիր է անվանել Ղրիմի, Դոնբասի և ևս երկու տարածքների կարգավիճակը:
Այդ մասին նա խոսել է հայտնի լրագրող Տակեր Կարլսոնի հետ հարցազրույցում: Ըստ Ուիթկոֆի՝ այդ տարածքները ռուսախոս են, հանրաքվեներ են եղել, մարդկանց գերակշիռ մեծամասնությունը ցանկացել է լինել Ռուսաստանի իշխանության ներքո։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ ինքը դա համարում է հակամարտության առանցքային հարց։
«Դա սենյակում փիղ է: Սենյակի փիղը Ուկրաինայի սահմանադրական հարցերն են՝ կապված նրա հետ, թե ինչ կարող են ուկրաինացիները զիջել, երբ խոսքը տարածքների մասին է: Ռուսաստանը դե ֆակտո այդ տարածքները վերահսկում է: Հարցն այն է, թե աշխարհը կճանաչի՞, որ դրանք ռուսաստանյան տարածքներ են:
Զելենսկին կկարողանա՞ քաղաքականապես դիմանալ, եթե դա ճանաչի: Հենց դա էլ հակամարտության կենտրոնական հարցն է, ռուս-ամերիկյան բանակցությունների բուն առարկան բացահայտել է Սթիվեն Ուիթկոֆը:
Փաստացի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է Ռուսաստանի նախագահի պահանջին, որ կարգավորումը պետք է վերացնի հակամարտության սկզբնապատճառը, այսինքն՝ որևէ պայմանագիր Մոսկվայի համար ընդունելի է, եթե ճանաչում է Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը՝ ինչպես այն ձևակերպված է սահմանադրական վերջին փոփոխություններով:
Ուիթկոֆը, իհարկե, խնդրի վերջնական լուծումը հասցեագրում է առաջին հերթին Ուկրաինային, հետո միջազգային հանրությանը: Բայց փաստ է, որ քննարկումներն ընթանում են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև:
Ըստ էության՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառը Միացյալ Նահանգների հովանավորությամբ նախկին Հարավսլավիայի մասնատումը և Սերբիայից Կոսովոյի անջատումն ու տասնյակ երկրների կողմից նրա անկախության ճանաչումն է: Ղրիմի «հանրաքվեն» և Դոնբասի «ժողովրդական հանրապետությունների» հռչակումը Բելգրադի ռմբակոծման և Պրիշտինայում ՆԱՏՕ-ի «խաղաղապահ ուժերի» տեղակայման հայելային պատասխանն է:
Բայց ո՞վ է երաշխավորում, որ Ղրիմի և Դոնբասի ռուսախոս բնակչության «հանրաքվեն» վարակիչ չի լինի եվրոպական տասնյակ երկրներում համահավաք ապրող էթնիկ փոքրամասնությունների համար կամ վաղը Բելառուսի լեհ բնակչությունը չի բարձրացնի Լեհաստանին միավորվելու խնդիր:
Ինչպես ռուսներն են ասում՝ «մահակը երկու ծայր ունի», և միջազգային հանրությունը չի կարող աչք փակել Թրամփ – Պուտին գործարքի հնարավոր հետևանքների հանդեպ, որովհետև Դոնբասի և Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի «ինքնորոշումը» Եվրապայում և ամբողջ աշխարհում կարող է տասնյակ, հարյուրավոր համանման իրավիճակներ ստեղծել:
Առարկայական ի՞նչ շարժառիթներ ունի Միացյալ Նահանգների նախագահը, այլ խնդիր է: Բայց փաստ է, որ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Ռուսաստանի հետ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու խնդիր է ունենալու Վրաստանը: Թբիլիսին ստիպված կլինի հաշտվել Աբխազիայի և Ցխինվալի շրջանի վերջնական կորստի հետ:
Այս համատեքստում հետաքրքիր է, թե Միացյալ Նահանգներն ինչպե՞ս է գնահատում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Չէ՞ որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի ղարաբաղյան հանրաքվեն լեգիտիմության առումով մի քանի անգամ ավելի հիմնավորված է, քան Դոնբասի կամ Ղրիմի «պլեբիսցիտը»:
Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ջախջախիչ մեծամասնությունն էլ արտահայտվել է Ադրբեջանի ենթակայությունից դուրս քաղաքական և սոցիալ-մշակութային ինքնակազմակերպվածության օգտին:
Ըստ երևույթին՝ Ադրբեջանում որոշակի քաղաքական քննարկումներ են կանխատեսում և այդ պատճառով է, որ ձգտում են Հայաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համաձայնություն կորզել:
Փաստացի իրավիճակում, ինչ խոսք, հակազդեցության Երևանի ռեսուրսները բավարար չեն: Բայց չէ՞ որ Մինսկի խորհրդաժողովի շահագրգիռ կողմ է նաև ԼՂ ընտրված ներկայացուցչությունը: Ինչպե՞ս շրջանառել ղարաբաղյան հակամարտության սկզբնապատճառի՝ ԼՂ կարգավիճակի հարցը:
Բաց մի թողեք
Արկադի Ղուկասյանը նոր ցուցմունք է տվել Բաքվի դատարանում, ինչում է նա մեղադրվում
Պետական քաղաքականության և անվտանգության համատեքստում առանցքային բացերից մեկն է
Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում թաղել Մինսկի խումբը