01/04/2025

Թեհրանից հյուրն ու զանգը Վաշինգտոն՝ զուգադիպություն, թե՝ օրինաչափություն

Մարտի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ քննարկվել է Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության հեռանկարը, նաև խոսվել է ռեգիոնալ հարցերի մասին:

Կառավարության պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման բանակցային ընթացքի մանրամասները և հայտնել, որ պայմանագիրը սպասում է ստորագրման:

Հայկական կողմի հաղորդագրությունը բավականին համեստ է: Կունենա՞ ԱՄՆ պետքարտուղարը նաև հեռախոսազրույց Իլհամ Ալիևի հետ: Փաշինյանի հետ հեռախոսազրույցը փաստացի առաջինն է ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնամուտից ի վեր:

Մարկո Ռուբիոն հայտարարություն էր տարածել հայ-ադրբեջանական պայմանագրի համաձայնեցման մասին տեղեկատվությունից հետո՝ ողջունելով համաձայնեցումը և խոսելով հնարավորինս արագ ստորագրման անհրաժեշտության մասին:

Դոնալդ Թրամփի վարչակազմից Ռուբիոն առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ հաղորդակցվում է Երևանի հետ, համենայն դեպս պաշտոնապես հրապարակավ: Ադրբեջանի հետ օրեր առաջ կապվել էր Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ուոլցը, որը, ի դեպ, հայտնվել է տեղեկատվական սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, երբ փաստացի նրա պատճառով արտահոսել են մանրամասներ Եմենի հութիներին ԱՄՆ հարվածների վերաբերյալ:

Ուոլցը հայտնել էր, որ խոսել է Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի հետ: Թրամփի խորհրդականը փաստորեն հետո չի կապվել նաև Երևանի հետ: Կարո՞ղ է լինել «աշխատանքի բաժանում»՝ Ուոլցը կապվում է Բաքու, Ռուբիոն՝ Երևան:

Դժվար է ասել, որովհետև ի վերջո Ուոլցի և Ռուբիոյի կարգավիճակները նույնական չեն: Բոլոր դեպքերում էականն այն է, թե արդյո՞ք Նահանգներն անմիջական հետաքրքրություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրով, թե՞ ավելի շուտ հետաքրքրված է ռեգիոնալ ընդհանուր իրավիճակով և զարգացման միտումներով, առայժմ այսպես ասած՝ թեմայի մեջ մտնելու համար:

Ի դեպ, հատկանշական մեկ այլ հանգամանք է այն, որ ԱՄՆ պետքարտուղարը Երևան է զանգահարել այն օրը, երբ Հայաստանում է նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Սա, իհարկե, բավարար հիմք չէ եզրակացնելու, որ Ռուբիոն կարող էր հենց այդպես էլ պլանավորել հեռախոսազանգը, գուցե հայ-իրանական շփումների վերաբերյալ էլ իրազեկվելու հնարավորության համար, բայց բոլոր դեպքերում հանգամանքը ուշագրավ է, որ Երևան նրա առաջին հեռախոսազանգը փաստորեն զուգադիպել է Իրանի արտգործնախարարի Երևան կատարած դարձյալ առաջին այցի հետ:

Թեհրանից հյուրն ու զանգը Վաշինգտոն՝ զուգադիպություն, թե՝ օրինաչափություն է, պարզ կդառնա առաջիկա գործընթացներից ․․․

Translate »