Սպորտը մնում է սպորտ: Կարելի է հաղթել, կարելի է պարտվել: Կարելի է պարտվել նաեւ խոշոր հաշվով: Նման բաներ պատահել է ամենահեղինակավոր, «ամենաաստղային» թիմերի հետ: Կարեւոր է, թե ինչպես է դա տեղի ունենում, ինչ հանգամանքներում, հասարակական ինչ մթնոլորտում: Ես որոշակի «փտախտ» եմ զգում մթնոլորտում, որն անդրադառնում է նաեւ ֆուտբոլի մեր ազգային հավաքականի վրա:
Թե ինչպիսի մարզիչ է Ջոն վան’տ Սխիպը զուտ ֆուտբոլային առումով, ինչ տակտիկական սխեմաներ է կիրառում եւ այլն, ես չեմ կարող ասել` այդ մասին կարող են խոսել ֆուտբոլի նեղ մասնագետները: Սակայն վերջին երկու խաղերը ցույց են տալիս, որ պարտության պատճառը միայն զուտ ֆուտբոլային չէ:
Տղաներն իրար չէին հասկանում, իրարից, կարծես, դժգոհ էին ու նույնիսկ՝ նեղացած: Հոգեբանական ճիշտ պատրաստությունը, թիմային ոգու կերտումը, համերաշխության, փոխօգնության մթնոլորտի ստեղծումը, կարծում եմ, մարզչի պարտականությունն է: Վան’տ Սխիպն ասում է, որ վրացի ֆուտբոլիստներն «ավելի բարձրակարգ» ակումբներում են խաղում, քան մերոնք եւ, հետեւաբար, ավելի բարձր «կլաս» ունեն: (Թե ինչու բարձրակարգ ակումբների հայ խաղացողներին չեն հրավիրում, առանձին հարց է):
Ընդունենք, մարզիչն այս հարցում իրավացի է: Բայց մենք բազմիցս ականատես ենք եղել, երբ տեսականորեն ավելի ցածր «կլաս» ունեցող թիմերը միանգամայն «արժանապատիվ» ֆուտբոլ են ցուցադրել:
Իմ պատանեկության եւ երիտասարդության տարիներին ուկրաինական «Զարյա» եւ «Դնեպր» թիմերը, չունենալով Կիեւի «Դինամոյի» եւ մոսկովյան ակումբների «կլասը», երկու անգամ նվաճեցին ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը (1972 եւ 1983): «Արարատի» մարզիչներ Պոնոմորյովը, Գլեբովը եւ Սիմոնյանը կարողանում էին թիմը համախմբել եւ դարձնել մեկ օրգանիզմ:
Նոր ժամանակներում՝ 2016 թվականին եվրոպական ամենափոքր բնակչությունն ունեցող երկրներից մեկի՝ Իսլանդիայի հավաքականը, որն իր կազմում հաստատ չուներ համաշխարհային «մեգաաստղեր», հասավ մինչեւ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Ինչո՞ւ ենք օրինակների համար հեռու գնում:
Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես էր խաղում մեր հավաքականը Յան Պորտերֆիլդի, իսկ այնուհետեւ՝ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ: Շոտլանդացի մարզիչն, իմ կարծիքով, լեռնեցու ոգի ուներ (նաեւ պայքարում էր քաղցկեղի դեմ) եւ այդ ոգին կարողացել էր փոխանցել հավաքականի խաղացողներին:
Մենք այն ժամանակ էլ չկարողացանք դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ընտրանու խաղի համար մենք այն ժամանակ չէինք կարմրում: Իսկ հիմա կարմրում ենք: …Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը երկու խայտառակ պարտություններից հետո ասում է. «Մենք խոստանում ենք առաջ շարժվել՝ անկախ ֆուտբոլի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքից»:
Ֆուտբոլի նկատմամբ Հայաստանում վերաբերմունքը խիստ դրական է՝ դա մեր, ինչպես եւ աշխարհում միլիոնավոր մարդկանց, ամենասիրելի խաղն է: Բացասական է վերաբերմունքը ֆուտբոլային «նաչալստվայի» նկատմամբ, որը գնում է փլուզումների եւ տապալումների ճանապարհով:
Լավ է՝ չի ասում, որ պարտությունները մեր ֆուտբոլն ավելի «ինքնիշխան» են դարձնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածություն ունի՞, տարիներ շարունակ ինքն էլ էր ներկա այրմանը․ Մանուկյան
Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան
Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն