26/04/2025

Վատիկանում, «Parole Aperte» մշակութային ծրագրի շրջանակում, ցուցադրվել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «ՍԻԳՄԱ» հայկական կարճամետրաժ ֆիլմը

2025 թվականի մարտի 14-ին Վատիկանում, «Parole Aperte» մշակութային ծրագրի շրջանակում, ցուցադրվել է ռեժիսոր, Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի խորհրդի անդամ Արամ Մանուկյանի «ՍԻԳՄԱ» հայկական կարճամետրաժ ֆիլմը։

«ՍԻԳՄԱ» ֆիլմը Վատիկանում ցուցադրված առաջին հայկական ֆիլմն է, ինչը խորհրդանշում է հայկական արվեստի միջազգային ճանաչումը և մշակութային փոխանակման կարևորությունը։

«ՍԻԳՄԱ» ֆիլմի պատմական ցուցադրությանը հաջորդել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակի շնորհումը ֆիլմին, որը Վատիկանի կողմից բնորոշվել է որպես հոգեվոր Ավետիսով համամարդկային ֆիլմ։

«Սա ստեղծագործություն է, որն առանձնանում է իր գեղագիտական ուժով և էթիկական լարվածությամբ՝ խոսելով պատերազմի ընթացքում մարմնի ու ծեսի մասին՝ ավետարանական խորհրդանիշներով»՝ գրվել է «ՍԻԳՄԱ» ֆիլմի մասին։

Վատիկանի կողմից մշակույթային վաստակի համար մրցանակ է շնորհվել նաև ֆիլմի համապրոդյուսեր, Մոնտեկատինիի միջազգային կինոփառատոնի (MISFF) նախագահ Մարչելո Զեպպիին։

«ՍԻԳՄԱ» ֆիլմը ստեղծվել է LETME Production կինոընկերության ստեղծագործական թիմի կողմից։ Ֆիլմի ռեժիսորն է Արամ Մանուկյանը (LetMe ընկերության տնօրեն), գլխավոր պրոդյուսերներն է Կարեն Ծատուրյանը, աշխատակազմի ղեկավարն է Արտուշ Կիրակոսյանը, բեմադրող օպերատորն է Ռոմեն Ծատուրյանը, արտադրության ղեկավար՝ Սահակ Գրիգորյան, պրոդյուսեր՝ Դավիթ Ջինանյան, Էսթեր Սերաֆինի՝ միջազգային բաժնի ղեկավար, ֆիլմի կոմպոզիտորն է Հայկ Ներսեսյանը։ Ֆիլմի հերոսին կերտել է Գյումրու Դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը։

«Ֆիմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը շնորհավորում է իր անդամներին և գործընկերներին՝ մաղթելով նոր ֆիլմեր և բազմաթիվ նվաճումներ ի շահ ժամանակակից հայկական կինոյի զարգացման և միջազգային ճանաչման։

ՖԱՀՖ խորհուրդ
Սաթիկ Ստեփանյան | պրոդյուսեր, Խորհրդի քարտուղար
Մերի Ադամյան | կինոդրամատուրգ, Խորհրդի անդամ
Արամ Մանուկյան| կինոռեժիսոր, պրոդյուսեր, Խորհրդի անդամ
Կարեն Ծատուրյան| պրոդյուսեր, Խորհրդի անդամ

Հովհաննես Գալստյան | կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՀԿ Խորհրդի նախագահ

Վատիկանում ցուցադրվել  է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմը