Տեղի է ունեցել Թուրքիայի ու ՌԴ նախագահների հեռախոսազրույցը: Կողմերի տարածած հաղորդագրություններում չկա Կովկասը: Դա նրանց չի՞ հետաքրքրել, չի՞ եղել արդիական հարցերի շարքում, թե՞ Կովկասի հարցը ռուս-թուրքական «մեխանիկայում» կարող է ստանալ այլ տրամաբանություն, եթե հաջողվի ռուս-ամերիկյան կամ Թրամփ-Պուտին գործարքը:
Մասնավորապես, հատկանշական է, որ երկու օր առաջ Վաշինգտոնում, ընդունելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, որը Թրամփի պաշտոնամուտից հետո առաջին այցն էր կատարում ԱՄՆ մայրաքաղաք, պետքարտուղար Մարկո Ռուբիոն նրան խնդրել է նպաստել Ուկրաինայում և Կովկասում խաղաղությանը:
Ընդ որում՝ այդ խնդրանքի մասին տեղեկությունը հայտնել էր պետքարտուղարությունը: Էր Ռիյադում՝ ռուս-ամերիկյան բանակցային հերթական ռաունդից հետո, որտեղ կողմերը համաձայնության էին եկել նաև Սև ծովում նավարկություն սկսելու հարցի շուրջ, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այդ խնդրանքը Ֆիդանին թողնում է տպավորություն, որ Մոսկվան Թուրքիայի վերաբերյալ ակնկալիքներ է հայտնել Վաշինգտոնին:
Մասնավորապես, հնարավոր է ակնկալիք, որ Վաշինգտոնը թույլ չի տա Անկարայի ապակառուցողական վարք ուկրաինական և կովկասյան ուղղությամբ: Համենայն դեպս, հատկանշական է, որ պետքարտուղարը Ֆիդանին ուղղում է այդպիսի «հասցեական խնդրանք»:
Հնարավոր է, որ Ֆիդանին հասցեագրված այդ խնդրանքից հետո Անկարան Կովկասի առնչությամբ առանձնապես հարցեր ու հարցադրումներ չի ունեցել ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում, ինչի պատճառով էլ Կովկասը տեղ չի զբաղեցրել նրանց հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություններում, ի տարբերություն Ռուբիո-Ֆիդան վաշինգտոնյան հանդիպման:
Ընդ որում՝ դա էլ ուշադրության է արժանի այն ֆոնին, որ այսօր հայտնի է դարձել Դոնալդ Թրամփի նամակին Իրանի պատասխանի մասին: Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտնել է, որ պատասխանը փոխանցել են Օմանի միջոցով:
Չորս օր առաջ Երևանում Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ պատասխանը մշակման փուլում է: Նրա Հայաստան այցից առաջ տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Լավրովի հետ, իսկ Արաղչիի հայաստանյան այցի օրը Երևան էր զանգահարել պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հեռախոսազրույց ունեցել Հայաստանի վարչապետի հետ:
Ի դեպ, հատկանշական է, որ դեռևս չի եղել Ռուբիո-Ալիև հեռախոսազրույց: ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին ՌԴ պետդումա էր ուղարկել Իրանի հետ ՌԴ ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիրը՝ վավերացման նպատակով:
Հնարավոր է, որ Մոսկվան ակնկալում է Թուրքիայի հարցում Վաշինգտոնի պատասխանատվություն՝ Իրանի հարցում իր հերթին ստանձնելով սեփականը:
Բաց մի թողեք
Իսկապես աննախադեպ իրավիճակ է․ Ով է Գրելանդիային կողմ, ով՝ դեմ
Պատերազմի վախը
Հրապարակային «գժտություն» և հարաբերությունների վերանայում