01/04/2025

Տո… ալամեզոն, դու սեղան նստո՞ղ ես, դու կենաց ասո՞ղ ես, և վերջապես՝ դու քաղաք ղեկավարո՞ղ ես…

Ընտրողին արդեն հասանելի են Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը (հրապարակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում)։ Աչքի անցկացնելով դրանցից մի քանիսը՝ տպավորություն ստացանք, որ որոշ քաղաքական ուժեր ծրագիրը շարադրել են գեղարվեստական մի ժանրում, որը կարելի է կոչել «թամադայի մենախոսություն»։

Մեր ուշադրությունը գրավեց մասնավորապես հումորիստ Ռուբեն Մխիթարյանին առաջադրած «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն մինչև վերջ կարդալ-կսկծալ-խնդալուց հետո, անկեղծ ասած, ապշեցինք, երբ տեսանք, որ երկուսուկես էջանոց այդ «ջրալի» տեքստը հրապարակվել է սցենարիստ-պրոդյուսերին առաջադրած կուսակցության նախագահի՝ Արարատի մարզի Սիսավան համայնքի նախկին ղեկավարի անունից։ Խորհրդային շրջանի հայտնի կինոնկարի հերոսի հանգույն, փաստորեն, Ռուբեն Մխիթարյանը, բացի սեփական ինիցիալներով ստեղծագործելուց, մեկումեջ էլ ստեղծագործում է Պաստեռնակ, ներողություն՝ «Սպարտակ Թարթիկյան» կեղծանունով, ինչի վկայությունն էլ խնդրո առարկա «նախընտրական ծրագիրն» է՝ նոր ասելիք քաղաքական մասխարայության ասպարեզում։

Արդ, մի քանի մեջբերում անենք ծրագրից, որն սկսվում է տիպիկ ռուբենմխիթարյանական ձեռագրով՝ «հայրաքաղաքի» գորշ նկարագիրը վրձնելով՝ հընթացս «քար» նետելով նախկին կառավարիչների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի և նրանց կողմից կարգված տեղական իշխանիկների «բաղը»։ «Գյումրին աղետի գոտու վերածել են ոչ միայն երկրաշարժը և դրան հետևած ԽՍՀՄ փլուզումն ու պատերազմը, այլև բոլոր նրանք, ովքեր շահարկել են աղետն ու դրա հետևանքները։

Քաղաքական գործիչները, որոնք բնակչության արդար դժգոհությունը փորձել են ծառայեցնել իրենց նպատակներին, բարերարները, որոնք սեփական եսասիրությունը բավարարելով՝ բնակչությանը դատապարտում էին մուրացկանության, տարատեսակ չինովնիկներն ու խաբեբաները, որոնք օգնության անվան տակ զբաղված էին թալանով։ Չնայած այդքան փորձություններին՝ Գյումրին կա։ Ու կա ոչ թե նմանատիպ մարդկանց շնորհիվ, այլ ի հեճուկս նրանց արկածախնդրության։ Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր Գյումրին ու աղետը սարքել էին կթու կով։

Մենք ոչ թե հավատում ենք, ոչ թե վստահ ենք, այլ գիտենք, որ Գյումրին կարող է հառնել։ Գյումրին կարող է վերականգնել հայրաքաղաքի, արհեստի ու արվեստի, սիրո ու մշակույթի, թատրոնի ու կինոյի, արդյունաբերության, հոգատարության, հյուրասիրության, հումորի, զարգացող ու վերածնվող համայնքի իր դեմքը»։

Փաստորեն, նշյալ բոլոր «բարեմասնությունները», ըստ «քաղքի» «ծակուծուկերին» լավ տիրապետող գյումրեցի Մխիթարյանի, մեր բոլորի հայրաքաղաքը չունի, ուստի մնացել է հանրությանն անհայտ կուսակցությունների ու հայտնի շուլուխչիների, նորահայտ ռեԱնիմատորների հույսին, որոնք, նկատենք, այն ընթացքում, երբ քաղաքը «կթու կովի» կարգավիճակում «թրաֆիքինգի» էր ենթարկվում, հավես, գուցե նաև ռիսկ ու «դուխ» չունեին թաթախվել քաղաքականության մեջ, այն է՝ վեր կենալ ու ընտրություններում առաջադրվել, ասել՝ «Մուրադ, չնեղանաս, բայց մենք սրա պատասխանը պիտի տանք։

Տո… ալամեզոն, դու սեղան նստո՞ղ ես, դու կենաց ասո՞ղ ես, և վերջապես՝ դու քաղաք ղեկավարո՞ղ ես…»։ Փոխարենն իրենց աջը քաշել, մի մութ անկյունում թուլացել ու… հաճույք էին ստանում. «ջութակ քոքելն» ու «ոտանավոր կարդալը» նկատի ունենք։

Անդրադառնանք Մխիթարյանի ոճով գրված «թամադայախոսության» բացառիկ նմուշի մյուս տողերին։ Ըստ դրա հեղինակի ճոխ երևակայության՝ Գյումրին կարող է դադարել լինել ոչ միայն սուբսիդավորվող համայնք, այլև այնպիսին, որ ֆինանսապես օգնի այլ համայնքների, ավելին՝ դոտացիա ստացող համայնքից դառնալ դոնոր համայնք։ Իսկ թե ինչպե՞ս՝ ծրագրի՝ իդիլիայի գիրկն ընկած հեղինակը չի նշել։

Փոխարենը չի ալարել ու իր ոլորտին՝ շոու-բիզնեսին, «դիսկո-տանցի»-ին առնչվող խոստումների շարան է երկնել. «Գյումրու վրայից աղետի գոտու պիտակը վերջնականապես պետք է հանենք, հատուկ հիմնադրամի («հատո՞ւկ», էդ ի՞նչ նոր իրավական կարգավիճակ է-խմբ.) միջոցով կյանքի կկոչենք հեռանկարային տարբեր ծրագրեր (փաստորեն, քաղաքն ունի «հեռանկարային» ծրագրերի կարիք, «մոտանկարային» ծրագրերը բանի պետք չեն-խմբ.), Լենինականի համբավը, ծիծաղը, մթնոլորտն ու լավատեսությունը պետք է հետ բերենք Գյումրի, քաղաքը պետք է դառնա ուրախ ու ժամանակակից փառատոների շուրջամյա կենտրոն, մեր քաղաքի տոնը, մեր երգիչներն ու թատերական խմբերը, ֆայտոնը, արհեստները, արվեստը, նույնիսկ հումորը, քյալլեն ու պոչը պիտի ժամանակակից մատուցմամբ Գյումրի բերեն տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների։

Քաղաքը պիտի ապրի ու շնչի ուրախ ռիթմերով։ Լավ տրամադրությունը պետք է դառնա քաղաքի, մեր ջահելության կենսառիթմն ու ապրելակերպը»։ Մի տեսակ անհարմար զգացինք, անկեղծ ասած, որ Մխիթարյան Ռուբոն, որը 2019-ից հրաժեշտ է տվել Երևանին ու վերադարձել հայրենի քաղաք, տեղյակ չէ հայրաքաղաքի անցուդարձից, խաբար չէ, որ առանց իր ասելու էլ Գյումրին ապրում ու արարում է իր ասած էդ ռիթմերով ու կենսառիթմերով, նույնիսկ քյալլի ու պոչի չորքոտանի տերերն են ռիթմի մեջ, իհարկե, նախքան դելեկատես դառնալն ու զբոսաշրջիկներին ժամանակակից ձևերով մատուցվելը։

Ինչևէ, «նախընտրական ծրագրի» հեղինակը տեքստի հաջորդ տողերում խոստանում է «գյոզալ քաղաքի» զարգացման համար այնքան փող ստեղծել, որ «մենք մեր խնդիրները մեր ձեռքով լուծենք» (այսինքն՝ լայաղ չանենք կառավարությունից և դրա ղեկավարից փող խնդրել), ժամանակակից ու մատչելի տրանսպորտային ցանց ստեղծել, «Փառքի ճեմուղի» կառուցել, որտեղ կդրվեն անվանի գյումրեցիների կիսանդրիներն ու կփոխանցեն «քաղքի» համն ու հոտը, ֆուտբոլի «Ազգային» մարզադաշտ կառուցել, խնամքի տակ առնել բոլոր անխնամ գերեզմանները, ամեն տարի «մի գեղեցիկ ու աչքի ընկնող» շենք կառուցել, լուծել բազմաբնակարան շենքերում կրծողների ու թափառող շների հարցը, ակվապարկ կառուցել, վճարել «հայկական սպորտի սիրտը» հանդիսացող գյումրեցի տաղանդավոր երեխաների «պարապմունքի փողն» ու մարզիչներին այլևս չվճարել «կոպեկներով», ամեն տարի գոնե 3 դրամաշնորհ տալ այն երիտասարդներին, որոնք կընդունվեն աշխարհի ամենավարկանիշային 10 համալսարաններից մեկը, ստեղծել «Հայրաքաղաք Գյումրի» վիրտուալ հարթակ ու «Գյումրու քաղաքացիության վիրտուալ անձնագրեր տալ բոլոր գյումրեցիներին», այդ թվում՝ արտերկրում ապրող, որպեսզի մեծ կարևորության հարցերը դրվեն վիրտուալ քվեարկության ու ըստ այդմ որոշումներ ընդունվեն, համայնքային ծառայությունների միասնական հարթակ ներդնել, որ մի տեղեկանքի համար խեղճ գյումրեցիք էս կամ էն չինովնիկի դուռը չընկնեն, «չէ՞ որ Գյումրին ոչ միայն ադաթի, այլև՝ պրոգրեսի քաղաք է»։

Հըն, հարգելի գյումրեցիներ, «դոզան» հո շատ ուժեղ չէ՞ր, ուշքներդ տե՞ղն է։ Եթե այո, ապա շարունակենք, ավելի ճիշտ՝ մեջբերենք ծրագրի «վերջին ակորդը», որն ուղղակի մատնում է վերոբերյալ շարադրանքի հեղինակի ով լինելը։ «Իրատեսակա՞ն է այս ամենը, կանե՞նք, չե՞նք խաբի… խաբողն ու չանողը ՔՊ-ական լինի։ Ամեն ինչից բացի՝ թասիբի հարց է, մենք հենց դրա համար ենք գալիս»։

Թե ինչ գնահատական կտա գյումրեցին Սերժ Սարգսյանի փեսայի ընկերոջ ու հովանավորյալի սույն ծրագրին՝ քիչ է մնացել պարզելու համար։ Բայց դեպքերից առաջ ընկնելով ուզում ենք հարց հղել իրեն թասիբով երևակայող, բայց «Թարթիկյան» կեղծանվան տակ ծպտված Մխիթարյանին՝ իրատեսակա՞ն է, որ ընտրություններում պարտվելուց հետո կթողնի քաղաքականությունն ու… «Աշոտյան կլինի»։ Խաբողն ու չանողը թող «Միշիկ»-ական լինի։

Translate »