2024 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ գործարար Նարեկ Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը։ Գործարքի գինը 300 մլն դրամ էր, գրել է «Հետքը»։
«Օազիս մարկետ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն` Նալբանդյանի ղեկավարած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին էր փոխանցվում 4 սուպերմարկետի ողջ շարժական գույքը (դարակաշարեր, սառնարաններ և այլն)։
Նալբանդյանը վճարել է գումարի մեծ մասը՝ 240 մլն դրամը և հրաժարվել է վճարել մնացած 60 մլն-ը։ Գումարի վճարման պահանջով «Օազիս մարկետը» դիմել է դատարան։
Դատարանը գործը քննել է արագացված կարգով։ «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի փաստաբան Արթուր Մարգարյանի խոսքով` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատական նիստերի ժամանակ առարկություն չեն ներկայացրել։
Դատարանը որոշել է բավարարել «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի պահանջը։ Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։
«Օազիս մարկետի» ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ, նրանց խոսքով, դատարանը վրիպակ է թույլ տվել` չհաշվելով գումարի ուշացման համար նախատեսված տույժերը։
Այս թեմայով «Հետքը» զրուցեց Նարեկ Նալբանդյանի հետ։ Նալբանդյանն ասաց, որ չեն վճարել գումարը, քանի որ «Օազիսի» սեփականատերերը գործարքի կնքման ժամանակ իրենց սխալ տեղեկություն են տրամադրել։
«Մեզ սխալ ինֆորմացիա են տվել, այդ ինֆորմացիան էլ դատարանում հիմա քննվում է։ Մեզ սուպերմարկետի շրջանառության վերաբերյալ տեղեկություն են ներկայացրել, որը չի համապատասխանել իրականությանը։ Մեր կողմից շահագործելուց հետո է պարզվել այդ ամենը»,- ասաց Նարեկ Նալբանդյանը։
Իսկ հարցին պատրաստվում են արդյոք «Օազիսին» վճարել պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը, Նալբանդյանը հստակ պատասխան չտվեց։
«Սուպերմարկետների բիզնեսում ամենաարժեքավոր բանը պատմությունն է, հեղինակությունը և թե ինչքան շրջանառություն ունի»,- հավելեց գործարարը։
Հիշեցնենք, որ «Հետքը» շաբաթներ առաջ գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը, որի ապրանքանիշի տակ գործում է 22 սուպերմարկետ։ Նալբանդյանին է պատակնում նաև «88» սուպերմարկետների ցանցը։
Նարեկ Նալբանդյանը հայտնի դարձավ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա սկզբում ձեռք բերեց Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած և պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա Նալբանյանի կինը գնեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը։
Նարեկ Նալբանդյանը 2023-ի վերջին էլ ձեռք բերեց գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող Սևանի «Հայրապետ» հյուրանոցը և հարակից երկու այլ գույք։ Իսկ 2024 թվականին Նարեկ Նալբանդյանը մտավ հանքաարդյունաբերության ոլորտ՝ ձեռք բերելով «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 % բաժնեմասը։
Բաց մի թողեք
Ալիևը կրկին նախընտրել է «հենվել Պուտինի ուսին»
Վարդան Ղուկասյանը 2026 թ.-ին կարող է գլխավորել ՀՅԴ ցուցակը. Հետո՞ ինչ, որ ժամանակին ալերգիա ուներ շիրակցի դաշնակներից
Կրկեսն իրոք խոստանում է դիտարժան լինել. Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Ստալինն է տվել…