13/05/2025

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պարզապես «հիմարություն» է թույլ տվել

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆիրուդին Սինիրլիօղլուն ապրիլի 25-ին այցելել է Բաքու: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սինիրլիօղլուն, սակայն, հիմնական բանակցությունները վարել է արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ:

Համենայն դեպս, ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական տեղեկատվությունից այդպես է հասկացվում: Բայրամովը, իհարկե, հանդես է եկել որպես Ալիևի խոսնակ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Բայրամովն առաջին անգամ խոստովանել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Բաքվի ջանքերը որևէ շոշափելի արդյունք չեն տվել:

Նա խոսել է այդ հարցով ԵԱՀԿ-ում կոնսենսուս ձևավորելու անհրաժեշտության մասին, ինչից պարզ հետևում է, որ նախընթաց շրջանում Ալիևը փորձել է, ինչպես ասում են, հող նախապատրաստել, բայց միասնական ընկալման չի հասել:

Սա շատ կարևոր արձանագրում է: Այդուհետև Բաքուն չի կարող Հայաստանին մեղադրել Մինսկի խմբի լուծարման իր «օրինական պահանջին» չմիանալու մեջ: Ավելին՝ ադեկվատ լինելու դեպքում Ալիևն իր լեքսիկոնից պետք է բացառի Մինսկի խմբի լուծարման «օրինական պահանջ» ձևակերպումը, քանի որ արդեն հրապարակայնացրել է, որ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի հասնելու գերխնդիր ունի:

Բայրամովի երկրորդ դիտարժան հայտարարությունը բխում է առաջինից՝ որպես կոնսեսուսի հասնելու «հիմնավորում»: Նա ասել է, որ Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ուստի Մինսկի խմբի հետագա գոյությունն անիմաստ է:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պարզապես «հիմարություն» է թույլ տվել: Մինսկի խումբը չի ձևավորվել, որպեսզի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնի, նման մանդատ նա չունի:

Մինսկի խմբի կոնսենսուսով հաստատված մանդատը մեկն է՝ հրավիրել Մինսկի խորհրդաժողով և ԼՂ ընտրված ներկայացուցիչների շահագրգիռ մասնակցությամբ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Այդ մանդատի իրավական հիմք են ճանաչվել ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, պետության տարածքային ամբողջականության ճանաչում, ինքնորոշման իրավունքի հարգում:

Կարելի է փաստարկների և հիմնավորումների ամբողջական թղթապանակ կազմել, թե Ադրբեջանը երբ, որտեղ, ինչպես է խախտել առաջին և երրորդ սկզբունքները, բայց գործնական հակազդեցության առումով, երևի, առաջին եւ վճռական քայլը պետք է անի Արցախի քաղաքական վերնախավը: Այս փուլում նա է օժտված Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցչի մանդատով:

Արցախի քաղաքական էլիտան պետք է հստակ կողմնորոշվի, թե ո՞ւմ է վերապահում Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցչի՝ ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի կողմից կոնսենսուսով, այդ թվում՝ Ադրբեջանի համաձայնությամբ, տրված մանդատը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի՞ն, Ազգային ժողովի՞ն, թե, ասենք, բռնատեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության խորհրդի՞ն:

Քանի որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմավորման շրջանում Լեռնային Ղարաբաղի իշխանության բարձրագույն մարմին հանդիսացել է առաջին գումարման Գերագույն խորհուրդը, ուստի ԼՂ ընտրված ներկայացուցիչ է ճանաչվել այդ մարմինը ներկայացնողը:

Արխիվներում դժվար չէ գտնել Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլիի պաշտոնական նամակը, որ հղվել է ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատ ունի Ռաֆայելլի-Պետրոսյան բանակցությունների սղագրությունները, որովհետև Մոսկվայում հանդիպումն ինքն է կազմակերպել:

Ըստ այդմ՝ մանավանդ որ Սամվել Շահրամանյանն օժտված չէ առաջնային մանդատով, Բայրամովի «հիմարությունից» պետք է օգտվի Արցախի Ազգային ժողովը, որի պատգամավորները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ և դիմի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ խնդիր դնելով, որ Մինսկի խումբը կարող է լուծարվել միայն մի դեպքում, երբ ԼՂ ընտրված ներկայացուցիչների շահագրգիռ մասնակցությամբ կգումարվի Մինսկի խորհրդաժողով եւ կորոշվի ԼՂ իրավական կարգավիճակը:

Եթե Ստեփանակերտը քաղաքականությամբ զբաղվելու կամք ունի, ապա միակ ասպարեզն այս փուլում ԵԱՀԿ-ում իր օրինական ներկայության վերականգնման մրցահարթակն է: