13/05/2025

«Թող Ամենաբարձրյալը օգնի մեզ». Էրդողանը՝ Թուրքիայում նոր երկրաշարժերի մասին

Ստամբուլում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Թուրքիան կրկին բախվել է սեյսմիկ սպառնալիքների իրականությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք նրանցից չենք, ովքեր երկրաշարժերի խնդրին նայում են խորհրդանշական միջոցառումների կամ կարգախոսների պրիզմայով։ Մենք ձգտում ենք գտնել երկարաժամկետ և կայուն լուծումներ։ Երկրաշարժերը մեր երկրի իրականությունն են և դրանք անհնար է կանխել։ Այնուամենայնիվ, հնարավոր է նվազագույնի հասցնել կորուստները և կառուցել հուսալի շենքեր»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ երկրի 11 նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերը ցույց են տվել, որ ամուր կառույցները կարող են կանխել ողբերգությունները։ «Մեր բնակարանային ֆոնդը թարմացնելու ամենաարդյունավետ լուծումը քաղաքային տրանսֆորմացիան է։ Թուրքիայի համար սա կենաց-մահու հարց է։ Մենք պետք է կառուցենք ամենակայուն շենքերը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, որոնք նաև էսթետիկ առումով կհամապատասխանեն մեր քաղաքների ոգուն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այս գործընթացը չի կարելի զոհաբերել գաղափարախոսական տարաձայնություններին։ «Երկրաշարժերին պատրաստ քաղաքները կփրկեն Թուրքիայի ապագան»,- ասել է Էրդողանը։

Խոսելով Ստամբուլում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի մասին՝ Էրդողանը հայտնել է իր օպերատիվ արձագանքի մասին. «Մենք այժմ ունենք ամենաուժեղ AFAD (արտակարգ իրավիճակների վարչություն) կառույցը։ AFAD-ի բոլոր ստորաբաժանումները գործում են ամբողջ հզորությամբ։ Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի օրը ես անմիջապես գնացի քաղաքի կենտրոն»։

Էրդողանը հավելել է, որ երկրաշարժերը խուճապ են առաջացնում մարդկանց մեջ, բայց դրանց նկատմամբ պատրաստվածությունը պետք է լինի մշտական. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք և միջոցներ ձեռնարկենք: Մեր գիտնականները ելույթ են ունենում հեռուստատեսությամբ, հայտնում, թե ինչ նախազգուշական միջոցներ են անհրաժեշտ: Օրեցօր մեր ժողովրդի իրազեկվածությունն աճում է: Այդ գործընթացի շնորհիվ կյանքը շարունակվում է»,- ասել է նա՝ իր ելույթն ավարտելով մաղթանքով. «Թող Ամենաբարձրյալը օգնի մեզ»: