Ինչու Կրեսոսն աշխարհի ամենաերջանիկ մարդը չէր.
Որտեղի՞ց է աշխարհում հայտնվել չարիքը: Քրիստոնյա փիլիսոփաները դարերի ընթացքում այդ հարցին տալիս էին տարբեր պատասխաններ, կրքոտ վիճում էին իրար հետ:
Բայց նրանք, իհարկե, չէին կարող շրջանցել այդ ուսմունքի հիմնական դոգմատներից մեկը, որը կապված է «ադամական մեղքի» հետ: 18-րդ դարում, սակայն, ֆրանսիական «լուսավորիչները» (որոնք, իմ կարծիքով, որոշ բաներ «լուսավորեցին», մի մասն էլ «խավարեցրին») հայտարարեցին, որ «ադամական մեղքը» հեքիաթ է:
Ըստ այդմ՝ բնությունն ասում է մարդուն՝ «իզուր ես դու փնտրում քո երջանկությունն այն աշխարհից դուրս, որտեղ ես քեզ տեղադրել եմ»: «Բնությունը, – գրում էր Դիդրոն, – քո սիրտը կազատի քեզ տանջող վախերից եւ անհանգստություններից»:
Քանի որ «ադամական մեղքի» գաղափարը մերժվել էր, իսկ չարիքը մնում էր, պետք էր որոշակի բանական բացատրություն կամ գուցե, այսպես ասած, «արդարացում»: Եվ ահա Դիդրոյի գաղափարակից Վոլտերն առաջարկում է հետեւյալ «մխիթարանքը». կյանքն ամբողջությամբ կլճանար առանց մարդկային թուլությունների, քանի որ ամենաուժեղ ազդակները մեր կյանքում գալիս են բնազդներից եւ կրքերից, որոնք, ենթադրաբար, հաճախ էթիկապես այնքան էլ ընդունելի չեն:
Զուտ գիտական առումով այդ պնդումը դժվար է գյուտ համարել. այո, բնության մեջ սա էլ կա, նա էլ: Հետո՞ ինչ: Այդ անորոշ ենթադրությունները փորձեց հստակեցնել նույն դարաշրջանում ապրող փիլիսոփա եւ մաթեմատիկոս Պիեռ Մոպերտյուին:
Նա գտնում էր, պետք է հաստատել որոշակի սանդղակ, որը երջանկության տեսանկյունից կհաշվարկի հաճույքների եւ տհաճությունների փոխհարաբերությունը: Աստվածաբանական մոտեցումների, բացարձակ արժեքների մերժումը հանգեցնում է նման, բավականին զավեշտալի, հաշվարկների:
Դրանց 18-րդ դարի երկրորդ կեսին հակադրվում էր Իմանուել Կանտը, որն իրավացիորեն նկատել էր, որ կշռել, հաշվարկել կարելի է միատարր, համանման երեւույթներ: Եթե կենցաղային օրինակ բերենք, պաղպաղակ ուտելը, ընդունենք, երջանկություն է, կյանքի ընկերուհուն հանդիպելը նույնպես երջանկություն է:
Քանի՞ հատ պաղպաղակ պետք է ուտել, որպեսզի մեկը մյուսին հավասարակշռի: Իսկ ո՞վ ասաց, որ մարդու գլխավոր ձգտումը պետք է երջանկությունը լինի: Ֆրանսիական «լուսավորիչների» ազդեցության տակ գրված ԱՄՆ անկախության հռչակագրում հենց դա է գրված, բայց որեւէ տեքստ, որքան էլ այն ազդեցիկ ու պատմական առումով նշանակալից լինի, չի կարող ընդունվել հալած յուղի տեղ:
Ի՞նչ է ստացվում՝ ուրեմն իմ ուշքն ու միտքը որքան հնարավոր է՝ շատ երջանկություն, այսինքն՝ հաճույքներ (ինչ էլ հասկանանք դրա տակ) «կորզելն» է: Բա պա՞րտքը, ծառայությո՞ւնը, առաքելությո՞ւնը, այլ մարդկանց հետ համերաշխությո՞ւնը:
Դրանք երբեմն հակասում են երջանկությանը եւ հաճույքներին: Կամ, համենայնդեպս, այն պատկերացումներին, որոնք սովորաբար գոյություն ունեն երջանկության մասին: …Լիդիայի թագավոր Կրեսոսը հյուրընկալել էր հույն փիլիսոփա Սոլոնին:
Ցույց է տալիս իր հսկայական հարստությունները եւ հարցնում է փիլիսոփային՝ «դե, ասա, խնդրեմ, ո՞վ է աշխարհի ամենաերջանիկ մարդը»՝ հույս ունենալով, իհարկե, որ Սոլոնը կտա իր անունը:
Բայց փիլիսոփան, որպես երջանկության լավագույն օրինակ, պատմում է աթենացի Թելլոսի մասին՝ նա ապրել է իր հարազատ քաղաքում, սնվել է իր աշխատանքի պտուղներով եւ զոհվել պատերազմում՝ հանուն հայրենիքի: Նման օրինակներից հետո Կրեսոսն այլեւս չի դիմանում եւ հարցնում է. «Ուրեմն, դու ինձ երջանիկ չե՞ս համարում»:
Փիլիսոփայի պատասխանը հետեւյալն էր. «Աստվածները մեզ հնարավորություն չեն տվել իմանալու մեր կյանքի սահմանները: Երջանիկ հայտարարել դեռեւս ապրող մարդուն նույնն է, ինչ որ՝ հաղթող հայտարարել առայժմ կռվող զինվորին»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Ինչ փուլում է Մարտի 1-ի գործը
Կրակոցները նպատակ ունեն խաթարելու երկրի ներքին կայունությունն ու հանրային անդորրը․ Եղոյան
Տգիտության հերթական դրսեւորումն է՝ այդ մարդիկ իսկապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում