Վրաստանն ակտիվանում է արտաքին քաղաքական ճակատում, մասնավորապես՝ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ նախատեսվում են մի շարք այցեր այդ ռեգիոն։
ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ասել է, որ առաջիկայում վրացական պետական բարձրաստիճան պատվիրակություն է այցելելու Ղրղզստան եւ Տաջիկստան։ Նկատենք, որ Կենտրոնական Ասիայի երկրները նախկինում, երբ Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիան որպես գործընթաց գտնվում էր իր լավագույն ժամանակներում, Կենտրոնական Ասիայի երկրները հաճախակի չէին հայտնվում Թբիլիսիի ուշադրության կենտրոնում, ինչպես նկատել է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։
Վերջին անգամ Վրաստանից վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է մեկնել Ղրղզստան՝ 2023 թվականին, միջազգային ինչ-որ միջոցառման։ Հիմա Ղարիբաշվիլին խաղից դուրս վիճակում է, քանի որ այս տարվա հունվարին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այցը չի կարելի համարել պետական կամ պաշտոնական․ ավելի ճիշտ՝ այն բազմակողմ ֆորմատ ուներ։ Տաջիկստանի պարագայում իրավիճակը շատ ավելի «վատ» է։
1994 թ․ օգոստոսի սկզբից դիվանագիտական հարաբերություններ հաստատած Տաջիկստանն ու Վրաստանը, կարելի է ասել, մեկմեկու հանդեպ հետաքրքրություն չեն ունեցել։ Շփումներ, իհարկե, եղել են, բայց դրանք սահմանափակվել են միջկառավարական կոնտակտներով, որոնք, որպես կանոն, բարձր մակարդակի չեն եղել։ Թբիլիսիում կարծես որոշել են ուղղել այդ «սխալը»։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարին այցելել է Ղազախստան, իսկ այս տարվա ապրիլին՝ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբեկովն այցելել է Թբիլիսի։
Անցյալ տարվա մարտին վրաց վարչապետն այցելել է Տաշքենդ։ Թուրքմենստանում Կոբախիձեն եղել է մի քանի անգամ՝ ներառյալ մի միջոցառման, որին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահը։ Եվ, ուրեմն, ինչո՞վ բացատրել այն, որ Թբիլիսին ակտիվանում է Կենտրոնական Ասիայում։ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սառնության ֆոնին՝ այս ակտիվացումը բացատրելի է։ Թբիլիսին լավ է գնահատում Կենտրոնական Ասիայի՝ որպես ռեգիոն, ունեցած կարեւորագույն նշանակությունը եւ փորձում է այլընտրանքներ ստեղծել իր համար։
Հատկապես որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ չկան այնպիսի խնդիրներ, որոնք համարվեն անհաղթահարելի։ Մյուս կողմից՝ Վրաստանը ձգտում է պահպանել ռեգիոնալ տարանցիկ զարկերակի կարգավիճակը, եւ լիովին տրամաբանական է, որ Թբիլիսիի համար Կենտրոնական Ասիան առաջնահերթ կարեւորություն ունի, ինչպես որ կարեւոր են վրաց-ադրբեջանական հարաբերությունները։
Կենտրոնական Ասիայից այն կողմ արդեն գլոբալ ուժային կենտրոն Չինաստանն է, ու դա էլ պետք չէ անտեսել։

Բաց մի թողեք
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Թրամփը պարտվեց ու որոշեց գնալ փոխզիջումների