17/10/2025

«Հայփոստ»-ի շեն­քի տեղում համաշխարհային առեւտրի կենտրոն կառուցելու թեման փուչիկ է

Նիկոլ Փաշինյանը կրկին վերհիշել է «Հայփոստ»-ի շեն­քի տեղում համաշխարհային առեւտրի կենտրոն կառուցելու իր մտադրությունը եւ կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել այդ թեմայով: 

Հրապարակ թերթը գրել է․ Կենտրոնը, ինչպես հայտնի է, կառուցելու է իշխանության սիրելի ընկերություններից մեկը՝ «Ռենշինը», որը Կոնդի կառուցապատողն է, եւ որի հետ քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր է կնքվել: «Քոլլիերս» ընկերության հետ էլ, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, կազմակերպելու է կենտրոնի կառուցումը եւ կառավարումն է իրականացնելու:

Համաշխարհային առեւտրի կենտրոնում լինելու են, ըստ գործադիրի, ժամանակակից գրասենյակային տարածքներ, ստարտափ բիզնես կենտրոններ, առեւտրի կետեր, հյուրանոց, կոնֆերանսների սրահներ եւ ցուցասրահներ:

«Նշվել է, որ ծրագրի իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար»։ Իսկ վարչապետ Փաշինյանը, դեռ 2 տարի առաջ կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով ծրագիրը, ասել էր, որ այս մասշտաբի ներդրումը նաեւ լուրջ ազդակ է՝ Հայաստանում համապատասխան ներդրումային միջավայրի գոյության մասին:

Այս ամենը հնչում է ինչպես Օստապ Բենդերի ճառը, որը նա արտասանում էր Վասյուկիի ապշահար բնակիչների առաջ՝ խոստանալով նրանց, որ շախմատային մրցույթ կազմակերպելով, իրենք կհարստացնեն երկիրը, որ իր ծրագիրը (Բենդերն էլ, ինչպես Նիկոլը, շատ էր սիրում «ծրագիր» բառը) Վասյուկին կդարձնի տասը գուբերնիաների կենտրոն, ու մարդիկ քաղաքից նավամատույց կիջնեն մարմարե աստիճաններով: Այդ աստիճանները եւս «Հայփոստի» շենքի աստիճաններն են հիշեցնում, իսկ Նիկոլի շրջանի Երեւանում, որտեղ չկան օտարերկրյա ներդրումներ, որտեղ մոլերում մարդիկ լաց են լինում՝ իրենց ապրանքի վրա նստած, իսկ շոր ու կոշիկ վաճառողները բունտ են անում ռուսական Վայլդբերիսի դեմ, երբ քաղաքում ամեն մի նորակառույց հյուրանոցում բիզնես-կենտրոն կա` նույնանման տարածքներով, միայն համաշխարհային առեւտրի կենտրոնն էր պակաս: Սա էլ մի նոր մեգանախագիծ է` ակադեմքաղաքի նման, նոր քարոզչական թեմա, որի մասին պարբերաբար հիշում են, ճշգրտումներ անում, անդրադառնում ընթացքին, բայց տարիներով գործն առաջ չի գնում, իսկ խոսակցություններն անսպառ են:

Նույն հարցերին անդրադարձել են 2023 թվականի նոյեմբերին, երբ փոփոխվեցին մասնաբաժինները: Կառավարության որոշմամբ նախատեսվեց, որ Սարյան 22 հասցեում գտնվող շենքն օտարվի «Ռենշին» ընկերությանը՝ հետեւյալ սկզբունքով․  «Հայփոստ» ՓԲԸ՝ մոտ 31 %, կառավարություն՝ 19 %, եւ ներդրող՝ 50%: Մինչ այդ ընդունված մասնաբաժինները տարբերվում էին նոր ընդունվածներից 1-2 տոկոսով:

«Հայփոստի» շենքի վերափոխման այս մեգանախագծի արժեքն ավելի քան 200 մլն դոլար է։

Սարյան եւ Պարոնյան փողոցների միջեւ (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից)` մինչեւ 12 000 քառ. մ մակերեսով հողամասը պետության կարիքների համար բացառիկ` գերակա հանրային շահ էր ճանաչվել, եւ 2023 թվականի նոյեմբերին «Ռենշինը», ինչպես հայտարարվում էր, սկսել էր հողամասի ուսումնասիրությունները: Համարեցին, որ դրանք ժամանակատար են, ու դրանց ժամկետը երկարացվեց:

Մինչ օրս ի՞նչ է արել «Ռենշինն» այդ տարածքում: Մեր հարցին ընկերությունից խոստացան պատասխանել եւ կապ ստեղծել տվյալ տեղամասի պատասխանատուի հետ, բայց այդպես էլ չկապեցին:

«Բոլոր երկրներում կան համաշխարհային առեւտրի կենտրոններ, եւ սա դրանցից մեկն է լինելու, նոր շենք են անելու, որեւէ այլ շենք դրան չի հարմարեցվելու, բայց ինչ են անելու կոնկրետ, մենք էլ չգիտենք: Բացի այն, որ հայտարարել են, որ այդ տեղում պետք է լինի համաշխարհային առեւտրի կենտրոն, ոչ մի այլ տեղեկություն չկա նյութերում՝ ինչ ծավալի է, ինչ է արվելու, ինչ տարածք է: Գիտենք, որ «Հայփոստի» շենքի տարածքն է, մի քիչ էլ վերցված Կոնդի ներքեւի մասից»,- ասում է ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը:

Ոչ մի քննարկում հայաստանյան ճարտարապետների հետ, փաստորեն, չի եղել: «Առհասարակ, քննարկման ձեւը վերացված է, ինչպես Կասկադի դեպքում: Որոշում են ու անում են, մեզ մնում է ուշացած ռեակցիա տալ, որը մեծ մասամբ հաջողության չի հասնում, փոխանակ հենց սկզբից դիմելու տեղացի ճարտարապետներին, ասելու իրենց առաջարկները: Ամեն անգամ նախագծերը հասցեագրելը դրսի ճարտարապետներին շատ վատ օրինակ է մեր իմիջի եւ պատվի համար: Ես չեմ ասում՝ մեզ ասեն, թե ինչ նախագիծ է: Նախագիծը պետք է դրվի հանրային քննարկման, դրա համար պետք է հայտարարվի մրցույթ, բոլոր տեղերում այդպես է»,- ասում է ճարտարապետը: