03/07/2025

Ինչ է պատրաստվում անել Փաշինյանը, եթե ՍԴ-ն մերժի Խաղաղության համաձայնագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում նախաձեռնելու է սահմանադրական փոփոխություններ, եթե Սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագիրը համարի անհամատեղելի Հայաստանի Սահմանադրության հետ։

Այս մասին նա հայտարարեց «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղության գործընթացը և դրա արդյունք հանդիսացող պայմանագիրը չափազանց կարևոր են, որպեսզի Հայաստանը բաց թողնի այդ հնարավորությունը։ Նա ընդգծեց, որ հասարակությանը կներկայացնեն փոփոխությունների նպատակը՝ հասնելու երկարատև ու կայուն խաղաղության։

«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրն ամբողջությամբ հակասում է մեր Սահմանադրությանը, ապա ես պատրաստ եմ նախաձեռնել համապատասխան փոփոխություններ։ Բայց եթե դատարանը գտնի, որ այն համատեղելի է, ապա որևէ իրավական խոչընդոտ չի լինի փաստաթուղթը ուղարկելու Ազգային ժողով՝ քննարկման ու հաստատման համար»,- ասաց վարչապետը։

Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Մասնակցում են ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ այդ թվում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետները, ԱԽ քարտուղարը, նախարարներ, դիվանագետներ և այլք:

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ևս մասնակիցների թվում է: