Ենթադրությունը, որ, չնայած ադրբեջանական կողմի սպասումներին, Պակիստանի վարչապետ Շարիֆը Թեհրան չի այցելի, հաստավում է Բաքվի իշխանական լրատվամիջոցի հրապարակմամբ, որ խորագրված է «Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը՝ ընդդեմ Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի. ի՞նչ սպասել»:
Ընդսմին, ադրբեջանցի հեղինակը, հղում անելով հնդկական աղբյուրներին, գրում է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 13-ին ոչ պաշտոնական այց է կատարել Նյու Դելի, որտեղ բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Ըստ այդմ, թեև տպավորություն կա, որ հիմնականում քննարկվել են Հնդկաստանից սպառազինությունների ձեռքբերման հետ կապված հարցեր, «իրականում քննարկումների առանցքում եղել է հաղորդուղիների խնդիրը», որից հետո Դովալը հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակցի հետ:
Ադրբեջանցի մեկնաբանի գնահատմամբ՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև վերջին զինված բախումներն «ընդգծել են տարածաշրջանային հակամարտությունների ֆոնին ձևավորվող գլոբալ դաշինքները». Ադրբեջանը և Թուրքիան հանդես են եկել ի պաշտպանություն Պակիստանի, «Հայաստանն աջակցել է Հնդկաստանին, իսկ Իրանը փորձում է չեզոքություն պահպանել»:
Դա վերլուծաբաններին թույլ է տվել խոսել «ազդեցության երկու հակադիր առանցքների՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան և Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան, կոնսոլիդացման մասին»:
Այնուհետև Բաքվի իշխանական լրատվամիջոցը հղում է անում հնդկական Deccan Herald –ին, որի գնահատմամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում «Հնդկաստանի և Իրանի մոտեցումները լիովին համընկնում են», իսկ Թեհրանը հետևողականորեն հանդես է գալիս «միջանցքի բացման այն ձևաչափի դեմ, որ առաջարկում է Բաքուն»:
Ըստ ադրբեջանցի հեղինակը, Իրանը, հատկապես դեմ է «ռազմավարական այդ միջանցքի վերահսկողությունն Ռուսաստանին հանձնելուն և երթուղու կառավարումից Հայաստանի բացառմանը»:
Հնդկական պարբերականն այս առումով կարևորել է, որ Նյու Դելին, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս կոնֆիգուրացիան, «պետք է պաշտպանի Թեհրանի դիրքորոշումը, քանի որ երկու երկրների շահերը շարունակաբար մերձենում են»:
Գնահատելով առկա և ակնկալվող աշխարհաքաղաքական համատեքստը՝ Բաքվի իշխանական լրատվամիջոցն ընդհանրացրել է, որ Հարավային Կովկասի ապագան «ավելի քիչ չափով է որոշվում միայն Երևանի և Բաքվի որոշումներով և մեծապես կախված է լինելու գլոբալ ուժերի դիմակայությունից, երբ հաղորդակցության երթուղիները վերածվում են առաջատար տերությունների աշխարհաքաղաքական շահերի կատալիզատորի»:
Ուշագրավ է, որ Բաքվի իշխանական լրատվամիջոցն այս հրապարակումն արել է, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազը գտնվում են Ադրբեջանում, բայց Լաչինի «միջազգային օդանավակայանի» բացումը կատարվել է միայն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:
Լաչինում օդանավակայան կառուցելու ներքին անհրաժեշտություն չկա, ավելի քան երեք տարի առաջ բացված Ֆիզուլիի օդանավականը կարող է սպասարկել տեղաշրջանի բնակչությանը: Այդ թռիչքուղիներն, անկասկած, ունեն նույնիսկ արտատարածաշրջանային նշանակություն:
Բայց ինչո՞ւ Պակիստանի վարչապետը Լաչինի օդանավակայանի բացմանը չի հրավիրվել: Թուրքիան զգուշանու՞մ է Հնդկաստանի և Իրանի հետ դիմակայությունից, թե՞ Ալիևն է փորձում իրեն դուրս դնել գլոբալ հակամարտության հավանականությունից:
Բաց մի թողեք
Իրանը ԱՄՆ-ին մեղադրում է խաբելու համա՞ր
Ծիծեռնավանքը դարձնում կամ կոչում է Աղօղլանի վանք․ Լուսանկար
Սյունիքի հանդեպ առաջացած անմիջական սպառնալիքի մասին