17/06/2025

Քաղաքական կոնյունկտուրայից բխող թիրախավորումների պարարտ միջավայրը

Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ի առավոտյան շարունակել է նախօրեին բուռն թափով սկսած «գրոհը» Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Անկասկած է, որ դա ինքնաբուխ ստացված իրավիճակ չէ, այլ պլանավորված գործողություն՝ նախընտրական և ավելի լայն քաղաքական տրամաբանությամբ:

Սակայն այստեղ թերևս այդ ամենի ստվերում է մնում կարևորագույնը՝ եկեղեցի-հանրություն-պետություն հարաբերությունների ֆունդամենտալ խնդիրը, որը Հայաստանում առաջ է եկել մինչև Նիկոլ Փաշինյանը, և, իհարկե, չի լուծվելու Նիկոլ Փաշինյանով:

Անկասկած է, որ Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը միտված է հայ հանրության, հայ ժողովրդի կյանքում, կենսագծում իր առանցքային նշանակությունն ունեցող ինստիտուտի՝ ՀԱԵ ենթարկեցումը քաղաքական այն տրամաբանությանը, որ «դավանում» է ներկայիս քաղաքական իշխանությունը:

Պարզապես այդ խնդիրը լուծելու համար Փաշինյանը ակնհայտորեն օգտագործում է այն առավել ֆունդամենտալ խնդիրներն ու դրանց հետեւանքով հանրության տարբեր շերտերում գոյություն ունեցող տարատեսակ նստվածքները, որ առաջացել են տարիների, անգամ տասնամյակների ընթացքում՝ եկեղեցի-հանրություն-պետություն փոխհարաբերությունների համակարգի խաթարվածության և ժամանակի ընթացքից կտրվածության հետեւանքով:

Եթե այդ դաշտում չձևավորվեն նոր մոտեցումներ, չարմատավորվի համակարգային և ռազմավարական աշխատանք, եկեղեցին իր մեծ նշանակությամբ մշտապես լինելու է քաղաքական թիրախում, ըստ օրվա իշխանության քաղաքական «դավանանքի»:

Իհարկե, թիրախավորումը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ՝ փափուկից մինչև վուլգար ուժի դրսևորում, բայց կլինի միշտ, քանի դեռ կա դրա պարարտ հողը հիմնային իմաստով: Իսկ այդ խնդիրը լուծելու թիվ մեկ շահառուն պետք է լինի հենց ինքը եկեղեցին, թիվ մեկ գործընկեր դիտարկելով հանրությանը, շարքային քաղաքացուն, քրիստոնյային:

Չի հաջողվելու խնդիր լուծել որևէ իշխանության հետ առճակատումով, անգամ ամենասուր, որովհետև այդ առճակատումից, եթե անգամ պարտվողը լինի որևէ տվյալ իշխանություն, միևնույն է շահողը լինելու է ոչ թե եկեղեցին, այլ նոր իշխանությունը:

Միաժամանակ չի կարող ֆունդամենտալ խնդիրը և պարարտ հողը չեզոքացվել որևէ իշխանության հետ գործարքի, պայմանավորվածության, «ներառականության» սկզբունքով, որովհետև այդ դեպքում էլ շահողը լինելու է հենց այդ իշխանությունը, ոչ թե եկեղեցին:

ՀԱԵ-ն գործնականում մինչև 2018-ը անցել է երկրորդ անարդյուն ճանապարհով, և 2018-ից հետո, առավել ևս վերջին 5 տարիներին անցնում է առաջին անարդյունք ճանապարհով: ՀԱԵ-ին անհրաժեշտ է «երրորդ ճանապարհը»՝ ռազմավարական աշխատանքը հանրության հետ, որը հաշվի է առնում նոր ժամանակի ընդհուպ գլոբալ տրանսֆորացիաները թե տեխնոլոգիական, թե առավել ևս սոցիալ-հոգեբանական, մտածողական համատեքստում:

Եկեղեցին կարող է շահող լինել միայն այդ դաշտում լուծումների պարագայում, այդպիսով, ըստ էության, հիմքից չեզոքացնելով քաղաքական կոնյունկտուրայից բխող թիրախավորումների պարարտ միջավայրը: