24/06/2025

Փաշինյանի երջանկությունը, որ ավելի շատ դժվախտության է նման

Խորհրդարանում 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շոշափելի դիֆերամբներ է ուղղել 2024 թվականի բյուջեին՝ ասելով, որ այն մարդկանց երջանկությունն ուղենշող բյուջե է:

Նիկոլ Փաշինյանը փորձել է թվերով ներկայացնել, որ մարդիկ սկսել են ապրել 50 տոկոսով ավելի լավ, քանի որ աշխատավարձերն իր պաշտոնավարման ընթացքում աճել են 75 տոկոսով, իսկ գնաճը եղել է 25 տոկոս:

Սա, իհարկե, պրիմիտիվ մանիպուլյացիա է, որովհետև 25 տոկոս գնաճը համատարած է, այսինքն` առնչվում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, իսկ ահա աշխատավարձերի 75 տոկոսի աճը վերաբերում է բնակչության շատ փոքր մասին միայն: Պաշտոնապես գրանցված է մոտ 700 հազար աշխատող, որոնցից, սակայն, անգամ կեսի աշխատավարձի աճը չի եղել 75 տոկոս:

Հետևաբար, այդ հպանցիկ հայացքն իսկ պարզ է դարձնում, որ Հայաստանում մարդիկ, մեղմ ասած, չեն սկսել 50 տոկոսով լավ ապրել, բայց, իհարկե, որոշ մարդիկ, մարդկանց մի փոքր տոկոս, սկսել է ապրել 100 տոկոսով ավելի լավ:

Հայաստանում տնտեսական արդյունքի բաշխման ապակենտրոնացման հարցը ոչ միայն չի լուծվել, չի շարժվել դեպի լուծում, այլ հակառակը՝ խորացել է եկամուտների բաշխման բևեռացվածությունը:

Դրա մասին է վկայում և այն, որ Հայաստանում չնչին է եղել աղքատության նվազումը՝ հազիվ 1 տոկոսից մի փոքր ավելի: Այդ ամենի փոխարեն, բյուջեն դարձնելով տեղեկատվա-քարոզչական ինքնանպատակ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ավելացրել է փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը: Ֆիսկալ քաղաքականությունը գերակայում է տնտեսական աճի քաղաքականության նկատմամբ:

Հայաստանի տնտեսությունը գրեթե չի համալրվում օտարերկրյա ուղղակի ներդրումներով՝ նմանվելով տեղումներից զրկված ջրամբարի: Միևնույն ժամանակ, բիզնեսի ու քաղաքացիների հանդեպ հարկային բեռի ավելացման հետևանքով համալրվող բյուջեն ծառայեցվում է կառավարող ուժի «սոցիալական մոտիվացիան» խթանելու համար:

Այդ ֆոնին, «բյուջետային երջանկության» պատկեր է կառուցվում Հայաստանի տնտեսության առողջության հաշվին: Այլ կերպ ասած, կառուցվում է «դժբախտ երջանկություն», կամ՝ Փաշինյանի երջանկությունը, որ ավելի շատ դժվախտության է նման։