15/06/2025

Էջմիածնում 2026 թ․-ի հերթական ընտրություններին ընդառաջ՝ վերախոշորացում է լինելու

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Վաղարշապատում նոյեմբերի 16-ին, ըստ ամենայնի, կկայանան ՏԻՄ ընտրություններ։ Համայնքը հերթական անգամ կխոշորացվի՝ այս անգամ միանալով Խոյ բնակավայրին։

Հրապարակ թերթը գրել է․ Իշխանության քաղաքապետի թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյ համայնքի նախկին ղեկավար Արգիշտի Մեխակյանն է, որը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Քանի որ իշխանությունն Էջմիածնում նորմալ թեկնածու չունի, որոշել է Վաղարշապատ համայնքը խոշորացնել եւս մեկ անգամ՝ հույս ունենալով, որ խոյեցիները կքվեարկեն իրենց նախկին համայնքապետի` Մեխակյանի օգտին, եւ ՔՊ-ն կկարողանա Գյումրու եւ Փարաքարի դիմաց Վաղարշապատում ռեւանշ վերցնել:

«Հրապարակ»-ը հարցազրույց է արել Արգիշտի Մեխակյանի հետ։

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020-ի պատերազմից հետո մանդատը վայր դրեցիք: Մարդիկ ենթադրեցին, որ դա պայմանավորված է նրանով, որ Ձեր հոր ազատագրած Ջրականը հանձնվեց թշնամուն, եւ Ձեր հոր զոհվելն էլ, ստացվեց, «հանուն ոչնչի էր»։ Մանդատը դրեցիք, բայց ընդամենը 10 օր հետո նշանակվեցիք Արմավիրի փոխմարզպետ, հետո՝ մարզպետ։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ Ձեր նկատմամբ մարզում կա հիասթափություն։

– Ի սկզբանե, երբ ես պատգամավորի մանդատը վայր եմ դրել, բայց հրաժարականի տեքստում գրել եմ, որ ստանձնելու եմ Արմավիրի մարզպետի տեղակալ։ Հստակ մեկնաբանել եմ իմ այդ որոշումը, որ այն պայմանավորված է երկրում ստեղծված դժվարին իրավիճակում երկրի կողքին լինելու ցանկությամբ։ Ինչ վերաբերում է իմ հոր հետ կապված մեկնաբանություններին, ես ուզում եմ նշել, որ դա բացառապես քաղաքական ուժերի նարատիվն է՝ հանրությանը մոլորեցնելու համար, իրենց քաղաքական շահի համար։ Այդ ժամանակ նրանք զբաղված էին մարդագողությամբ, փոխարենը երկրի անվտանգային հարցերի մասին մտածեին։

– Բայց Ձեր հայրն այնտեղ, որտեղ զոհվել է, այն հողը, որն ազատագրել է, հանձնվել է Ադրբեջանին։ Բարոյական  տեսանկյունից հա՞շտ եք այդ մտքի հետ։

– Ես ասեմ, որ հանձնվել է Արցախի վերջին չարաբաստիկ նախագահի ձեռքով։ Ես չեմ ուզում ավելորդ մեկնաբանություններ տալ այդ մասին։ Իմ աշխատանքային գործունեությունը միտված է մեր երկրի հզորացմանը։ Մնացած ամեն բան, ինչ կասեն, շահարկումներ են։

– Ի՞նչ եք կարծում` հաղթելո՞ւ եք ընտրություններում։

– Գրագետ, ճիշտ, ազնիվ, պարկեշտ քարոզարշավի արդյունքում հաջողություն կունենանք։ Ավելորդ գլուխ գովալու պրոցեսի մեջ չմտնենք, ես իմ շանսերը գնահատում եմ բավական լավ, առջեւում քարոզարշավ է, մենք մեր բնակիչներին պիտի ցույց տանք մեր տեսլականը եւ զարգացման ծրագիրը։

– Վաղարշապատի հերթական ընտրություններին մնացել է մեկ տարի, ի՞նչն է խնդիրը, որ ՔՊ-ն իր ներսում չի կարողանում համայնքապետի ԺՊ նշանակել, որ Դուք մարզպետի պաշտոնը թողնում եք, որ դառնաք քաղաքապետ։ Ընդ որում, սա տեղի է ունենում քաղաքը կրկին խոշորացնելու հաշվին։ Խոյից ձայներ բերելու նպատակո՞վ է նաեւ այս խոշորացումն արվում։

– Ես նաեւ Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ եմ աշխատել, բացի այդ, կառավարության օրակարգում միշտ եղել են խոշորացման գործընթացները։ Վարչապետը բազմիցս ասել է, որ կողմ է նախկին շրջանային հողերի կառավարման անցնելուն, ինչն Էջմիածնի պարագայում բավական դժվար է լինելու՝ հաշվի առնելով, որ ամենախիտ բնակեցված քաղաքն է, հետեւաբար, մենք դրան գնալու ենք փուլային եղանակով։ 2026-ի հերթական ընտրություններին ընդառաջ՝ վերախոշորացում է լինելու։

– Էջմիածինն արդեն մեկ անգամ Ոսկեհատ համայնքի հետ միացման արդյունքում խոշորացվել է, եթե նպատակը կառավարումը հեշտացնելն էր, ապա ինչո՞ւ այդ ժամանակ Խոյն էլ չմիացրին։

– Հաշվի առնելով, որ մեր մարզն ամենախիտ բնակեցված մարզն է, միանգամից խոշորացումը կառավարման որոշակի ռիսկեր կարող էր առաջացնել, դրա համար տեղի ունեցավ մասնակի։