Ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պահանջել, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019 թվականին ներկայացրած վերջին առաջարկությունները և դրանց Հայաստանի պաշտոնական պատասխանը:
Կա՞ նման պաշտոնական փաստաթուղթ, հայտնի չէ: Համացանցում առկա է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Պոպովի, Վիսկոնտիի և Շաֆերի 2019 թվականի մարտի 9-ի համատեղ հայտարարությունը, որտեղ ասված է, որ համանախագահները հաստատում են, որ արդարացի և կայուն կարգավորումը պետք է հենված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, ներառյալ, մասնավորապես՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Այնուհետև ասվում է, որ կարգավորումը պետք է ներառնի համանախագահ երկրների առաջնորդների կողմից 2009-2012 թվականներին առաջարկած լրացուցիչ տարրեր, այն է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ Ադրբեջանի հսկողությանը(հինգ տարածք վերադարձնելու, երկուսը պահելու մասին խոսք չկա), Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր (ոչ «միջանկյալ»՝ ինչպես Հայաստանի ընդդիմությունն է պնդում) կարգավիճակ, որ կապահովի անվտանգություն և ինքնակառավարում, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցք (հստակ սահմանված չէ «Լաչինի միջանցք» հասկացությունը), Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշում իրավական պարտադիր կամարտահայտությամբ, բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրենց բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք և անվտանգության միջազգային երաշխիքներ, որ կներառնեն խաղաղապահ օպերացիա:
Այս ձևակերպումներում, եթե տվյալ պահի դրությամբ որևէ նորություն կար, ապա այն է, որ Լեռնային Ղարաբաղին «տրվում էր» ոչ թե «միջանկյալ», այլ «ժամանակավոր կարգավիճակ», վերջնական կարգավիճակի որոշման մեխանիզմ սահմանվում է ոչ թե հանրաքվեն, այլ կամարտահայտությունը, բացակայում է պլեբիսցիտի մասնակիցների էթնիկ համամասնության պահպանումը՝ ըստ 1988 թվականի ստատուս քվոյի:
Այս հայտարարությունից քսան օր անց՝ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը, որ ընթացքում կողմերն ընդգծել են «հրադադարի ռեժիմի ամրապնդման և ուղիղ կապի մեխանզիմների կատարելագրոծման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման և այդ ուղղությամբ նշանակելի քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ձեռք է բերվել մի շարք հումանիտար միջոցառումներ անցկացնելու պայմանավորվածություն»:
Ոչ մի խոսք, ինչպես տեսնում ենք, համանախագահների ներկայացրած «նոր առաջարկությունների» և դրանց շուրջ նույնիսկ մտքերի փոխանակության մասին չկա:
Ավելի քան մեկ տարի անց, տավուշյան եռօրյա սրացումից հետո, 2020 թվականի հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հեռավար բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, իսկ մինչ այդ՝ հունիսի 17-ին, տարածել համատեղ հայտարարություն:
Երկու դեպքում էլ համանախագահները խաղաղ բանակցությունների վերադառնալու հորդոր են արել՝ հղելով 2019 թվականի մարտի 9-ին իրենց ընդունած «հռչակագրի սկզբունքներին»:
Այդ փաստաթուղթն, իհարկե, պայմանականորեն կարելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրած «վերջին առաջարկություն»:
Բայց չէ՞ որ այն առկա է համացանցում, ցանկացած ոք կարող է փնտրել, ծանոթանալ և եզրակացություն անել: Պաշտոնական հրապարակման պահանջն, ըստ երևույթին, վերաբերում է Հայաստանի պատասխանին: Բայց չէ՞ որ մենք չգիտենք Ադրբեջանի պատասխանը: Այդ մասին կարելի է ենթադրել Փաշինյան-Ալիևի առաջին պաշտոնական բանակցությունների մասին տեղեկատվությունից:
Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագհների 2019 թվականի մարտի 9-ի «հռչակագիրը» լիովին հերքում է ռուսաստանցի համանախագահ Պոպովի տարածած և հայաստանյան ընդդիմության կողմից օգտագործվող թեզը, որ Հայաստանին առաջարկվել է Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկուսը պահել՝ որպես ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման «իրեղեն երաշխիք»:
Իրականություն է, որ համանախագահները 2019 թվականին «առաջարկել են» Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել ԼՂ շուրջ բոլոր տարածքները, «Լաչինի միջանցքի» փոխարեն շրջանառության է դրվել «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միջանցք» ամորֆ ձևակերպումը, հանրաքվեն փոխարինվել է «իրավական պարտադիր կամարտահայտությամբ», դուրս է բերվել կողմերի համար պլեբիսցիտի արդյունքների պարտադիր լինելու պայմանը, անորոշ է թողնվել պլեբիսցիտի մասնակիցների էթնիկ համամասնության շատ կարևոր հարցը:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ հենց Աբու Դաբին է ընտրվել Փաշինյան – Ալիև առարկայական բանակցությունների հարթակ
Անցակետեր հաստատվելո՞ւ են, ռեժիմը կարագավորվելու է ՀՀ օրենսդրությա՞մբ
Հայ – թուրքական կարգավորումը վտանգներ ունի, թե՝ կարող է վտանգվել