14/06/2025

Չեղարկվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթները

Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածներից հետո տարածաշրջանում ստեղծված լարվածության պայմաններում չեղարկվել և հետաձգվել են դեպի Իսրայել, Իրան և Միացյալ Արաբական Էմիրություններ չվերթները։

Այս մասին պարզ է դառնում «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ չեղարկվել են «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ, «Fly Dubai»-ի Դուբայ-Երևան-Դուբայ և «Wizz Air» ընկերության Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթները։

«Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգվել է։

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։

ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։

Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանին Իսրայելի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ավերվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական Ֆերեյդուն Աբբասին։