4-րդ դարի Հռոմի կայսրերից մեկը, հանդես գալով Միլանում եպիսկոպոսների առջեւ, ուղիղ տեքստով ասել է՝ «այն, ինչ ես եմ ուզում, թող օրենք համարվի»: Դրանով իսկ նա փորձեց անիմաստ դարձնել բոլոր տեսակի աստվածաբանական վեճերը: Նրա ասածն է օրենք, եւ վերջ, էլ դեսուդեն պետք չի ընկնել:
Վեճերը, սակայն, շարունակվեցին ու շարունակվում են առ այսօր, իսկ կայսրերի, թագավորների, գենսեկների ու վարչապետերի՝ քմահաճույքների վրա հիմնված «օրենքները» գոյություն ունեին ու ունեն ուղիղ այնքան, որքան ապրել են այդ, ներեցեք օտար բառի համար, «սամադուռները»:
18-րդ դարում առաջադեմ եվրոպացիներին թվաց, որ հնարավոր է ստեղծել այնպիսի պետական մեխանիզմներ, որոնք կզսպեն իշխողների եւ իշխանիկների «պետությունը ես եմ» նկրտումները: Դրա համար առաջարկվեցին որոշակի «խաղի կանոններ»՝ մասնավորապես, իշխանության թեւերի բաժանում, եկեղեցու եւ պետության տարանջատում:
Բայց հետագա դարերի ընթացքում տարբեր երկրներում ի հայտ են եկել եւ շարունակում են ի հայտ գալ ոչ մի չափ ու սահման չճանաչող կիսախելագարներ (կամ խելագար ձեւացողներ), որոնք իրենց ցանկություններն օրենք են hամարում: Բայց քանի որ 18-րդ դարում «սուվերեն» է հռչակվել «ժողովուրդը», նրանք հետագա դարերի ընթացքում հայտարարում են, որ ապօրինությունն իրենց ցանկությունը չի՝ «ժողովուրդն» է այդպես ցանկանում:
Ստալինը չէր ասում, որ նա ցանկանում է միլիոնավոր մարդկանց տանջամահ անել «Գուլագում». «Պրավդայում» ամեն օր գրում էին, որ «խորհրդային ժողովուրդն իր արդար դատաստանը տեսավ լրտեսների եւ դավաճանների» հանդեպ: Բրեժնեւի ժամանակ էլ հաստոցի մոտ կանգնած բանվորները «Վրեմյայով», «ինչպես եւ ամբողջ խորհրդային ժողովուրդը», դատապարտում էին, ասենք, Սոլժենիցինին կամ Սախարովին:
Հայաստանի նորագույն պատմության մեջ նույնպես նման դեպքեր կային: Դատարանի որոշումը դուր չի գալիս վարչապետին, բայց նա հո չի՞ ասում, որ այդ անհաճո որոշումն է խնդիրը, ո՛չ, ավելի լավ է ասել, որ «ժողովուրդը» պետք է իր ձեռքը վերցնի դատական իշխանությունը՝ շրջափակելով դատարանները: «Ժողովուրդը» պետք է աշխատանքից ազատի ՍԴ նախագահին: «Ժողովուրդը» պետք է փոխի կաթողիկոսին:
Ամեն մի նախադասության մեջ «ժողովուրդ» բառն օգտագործելով, հնարավոր չէ սքողել ապօրինությունները: Եթե Փաշինյանը Հայաստանի թագավորն է կամ կայսրը, այդպես էլ ասեք: Թող լինեն եվրոպամետ կայսրապաշտներ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր
Պարզ է, չէ՞, թե ում է ձեռնտու Իրանի թուլացումը
Տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը