Կասկադի սրճարաններից մեկում մի քանի օր առաջ ուշագրավ միջադեպ է գրանցվել օտարերկրացիների և հայերի միջև։ Համացանցում տեղեկություն տարածվեց, թե 4 օտարերկրացի եւ 2 հայ վեճ են հրահրել եւ ծեծի ենթարկել մի քաղաքացու՝ դեռեւս անհայտ պատճառներով: Միջադեպի վերաբերյալ, սակայն, որևէ մեկը ոստիկանություն չի դիմել։
Պարզվել է, հայերից մեկը դրսից մեքենաների ներկրմամբ է զբաղվում, իսկ օտարերկացիներն էլ, կարծես թե, ՌԴ քաղաքացիներ են եղել, որոնցից մեկը, սակայն, հայ է եղել ու քիչ թե շատ տիրապետել է հայերենին։
Կողմերը սրճարանում կենցաղային հարցի շուրջ, հավանաբար՝ հենց մեքենա ներկրելու հետ կապված, վիճաբանության մեջ են մտել, որի ժամանակ մեքենաների ներկրմամբ զբաղվող ՀՀ քաղաքացի հանդիսացող հայը հայերենով սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել օտարերկրացիների հասցեին՝ չիմանալով, որ դիմացը նստած օտարերկրացիներից մեկը հայերեն գիտի։
Ու քանի որ վերջինս հասկացել է հայերեն հնչած հայհոյանքը, հայհոյանք հնչեցրածին կանչել են մի կողմ ու, հավանաբար, մի երկու ապտակ հասցրել, քաշքշել իրար։ Կարելի է ասել՝«Կարգին հաղորդման» սքեչերից մեկի նման մի բան է եղել, երբ օտարերկրացիներին սուրճ հյուրասիրող հայ գործարարը չի իմացել, որ նրանցից մեկը թարգմանիչն է։
Մեզ ասացին՝ առանձնապես լուրջ միջադեպ կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել, և ոչ ոք ոստիկանություն չի դիմել։ Բայց քանի որ այդ մասին մամուլում արդեն հրապարակում է եղել, ոստիկանությունը դրա հիման վրա անցել է գործի։
ՆԳՆ լրատվական ծառայությունից հաստատեցին միջադեպի փաստը՝ նշելով, որ հրապարակման կապակցությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են կողմերի ինքնությունը, հրավիրել են բաժին, կազմել են փաստաթղթեր, և ներկայացրել են տարածքային քննչական բաժին։
Ու քանի որ միմյանց դեմ բողոք չկա, և որևէ լուրջ ծեծկռտուք, փաստացի, տեղի չի ունեցել, հավանաբար ոչ էլ Քննչական կոմիտեն վարույթ կնախաձեռնի։
Բաց մի թողեք
«Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
300 հզր ժամկետանց ձուն ոչնչացված լինելու՝ կաշառքով կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման