16/06/2025

Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել. Լուսանկար

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։

Ինչպես հայտնել են մարզպետարանիվ, քննարկվել են մարզում արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր։

Մարզպետին է զեկուցվել, որ մինչ այս պահը Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրուց, Արթիկից և Ախուրյանից շուրջ 300 ահազանգ է գրանցել, այս պահին հրշեջ-փրկարարական ջոկատներից 9 մարտական հաշվարկներ տեղում աշխատում են` վտանգ ներկայացնող հատվածները սահմանազատելու և խնդիրները անհապաղ լուծելու նպատակով։
Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են։ Շտապօգնության կանչեր և գազի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։

506605964_1023715893284599_5963181137528552340_n.jpg (276 KB)

Ուժեղ քամուց ու անձրևից անմիջապես հետո, Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շրջել են մարզով, դիտարկվել են ահազանգերի հետևանքներն ու համապատասխան քայլեր ձեռնարկվել անհրաժեշտ օգնություն կազմակերպելու առումով։

Մարզպետի հանձնարարությամբ, մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները` վնասները գույքագրելու, ամբողջական պատկերը կազմելու նպատակով։

Հունիսի 14ին՝ ժամը 19:00-ից սկսված, ուժեղ քամին ու պտտահողմը, ըստ նախնական ահազանգերի և մասնավոր անձանց հրապարակումների, բավական վնասներ են հասցրել Գյումրի, Արթիկ համայնքներին։

Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին, նախնական տվյալներով, Գյումրի և Արթիկ քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։

Մեծ Մանթաշ, Գետափ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

Մարզի մի շարք բնակավայրերի ցանքատարածություններ, ըստ ահազանգերի, տուժել են տեղացած ուժեղ կարկուտից։