15/06/2025

Պարզ է, չէ՞, թե ում է ձեռնտու Իրանի թուլացումը

Հայաստանում տարածաշրջանային խնդիրների իսկական եւ կեղծ փորձագետները տարբեր խորության մտքեր են արտահայտում Իսրայել – Իրան թեժացող եւ, անշուշտ, շատ վտանգավոր հակամարտության մասին:

Ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստն, իհարկե, շատ կարեւոր է, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է կողմերի գործողությունների ընկալումը մեր՝ հայաստանյան տեսանկյունից: Նախ՝ եթե վերանանք քաղաքական եւ բարոյական գնահատականներից, պետք է արժանին մատուցել Իսրայելի հետախուզության եւ զինուժի տեխնիկական ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակին:

Իսրայելն, ինչ խոսք, մեր բարեկամ երկիրը չէ, ավելի շուտ՝ Ադրբեջանի բարեկամն է: Բայց սովորելու բան շատ ունենք: Ես վստահ եմ, որ այդ երկրի հզորության հիմքը գաղափարախոսության մեջ է: Այդ գաղափարախոսությունը (սիոնիզմը) խարսխված է դարավոր կրոնական եւ ազգային ավանդույթների վրա:

Տնտեսությունը, ռազմարդյունաբերությունը, բանակն արդյունավետ են, երբ կա անխափան գործող պետական համակարգ, իսկ պետությունը կայանում է այն դեպքում, երբ բացի «պարզապես ապրելուց», հասարակությունն ունի նպատակներ, տեսլականներ: Տվյալ դեպքում՝ Տաճար: Բայց այդ բոլոր ուսանելի հանգամանքներով հանդերձ՝ այս կոնֆլիկտում իմ համակրանքը Իրանի կողմն է:

Ի՞նչ է ստացվում՝ Իրանն ու ԱՄՆ բանակցություններ են վարում ուրանի հարստացման շուրջ, կողմերը չեն կարողանում պայմանավորվել, բայց Իրանին՝ իր դիրքորոշման համար «պատժում է» Իսրայելը, որի գործողություններին, սակայն, ըստ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԱՄՆ-ը «ներգրավված չէ»:

Ագրեսիայի համար արժեր ավելի կուռ հիմնավորումներ կառուցել: Այո, Իրանում հաստատված քաղաքական ռեժիմը կարծր ավտորիտարիզմ է, բայց դա ինձ ավելի քիչ է հետաքրքրում, քան այն, որ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանը տեսնել որպես անկախ պետություն:

Աշխարհում այդպիսի եզակի երկրներից է նաեւ, թերեւս, Վրաստանը: Մնացածը կա՛մ ցանկանում են մեր պետության կործանումը (գիտենք, թե ով), կա՛մ անտարբեր են (այդ թվում՝ Ռուսաստանը):

Հիշենք, թե ինչպես էր վերջերս Ալիեւը համոզում Իրանին՝ փոխել դիրքորոշումը եւ թույլ տալ, որ նա Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացի: Պարզ է, չէ՞, թե ում է ձեռնտու Իրանի թուլացումը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ