Վերջերս մի քանի անգամ հանդիպեցի «ժողովրդատյաց» կամ «ժողովրդին ատող» արտահայտությունների, որոնք շատ են սիրում օգտագործել հատկապես մեր իշխանավորները:
Կա «ժողովուրդ»՝ իրականում անորոշ, հեղհեղուկ հասկացություն, այդ համատեքստում իշխանավորները նկատի ունեն ոչ այն է՝ էթնոսը, ոչ այն է՝ ազգը, ոչ այն է՝ ՀՀ քաղաքացիներին:
Եվ կա «ժողովրդին սիրող», «ժողովրդի մասին մտածող» եւ «ժողովրդին ծառայող» մի արտակարգ անձնավորություն: Մատով ցույց չտանք, բայց դա Նիկոլ Փաշինյանն է: Այդպիսով, «ժողովուրդը», ՔՊ-ականների մատուցմամբ, մի նիկոլապաշտ զանգված է, որը հասկանում է, թե ինչ է «իրական Հայաստանը» եւ որքան նորաձեւ է կրթվելը:
Մնացածը, թեեւ նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ անգամ էթնիկ հայեր են, «ժողովուրդ» չեն. նրանք «նախկիններ» են, «ղարաբաղցիներ» են, «ռուսամետներ» են եւ «ժողովրդի համակրանքին չարժանացող» կաթողիկոսի պաշտպաններ: «Ընդամենը 1500-2000 մարդ կար «Զվարթնոց» օդանավակայանում», – ասում է ՔՊ-ականներից մեկը՝ նկատի ունենալով նախորդ օրը կաթողիկոսին դիմավորողներին:
Ենթադրենք, 200 մարդ կար՝ նրանք «ժողովո՞ւրդ» են, թե՞ «ժողովուրդ» չեն: «Ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի վարչապետ»: Ո՛չ, դա Ազգային ժողովն է որոշում: Իսկ ովքեր պետք է լինեն Ազգային ժողովում, դա նույնպես «ժողովուրդը» չի որոշում: Դա ձայների համամասնությամբ որոշում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրությունների օրը գնում են ընտրական տեղամաս: «Հայ ժողովուրդը պետք է որոշի, թե ով կլինի Ամենայն հայոց կաթողիկոս»: Ո՛չ, դա որոշում է Ազգային եկեղեցական ժողովը:
Այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ ընտրություններ կազմակերպել աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, որտեղ ապրում են հայ ժողովրդի ներկայացուցիչները, կատարյալ անհեթեթություն է: …«Գիտեք ինչ, պրոֆեսոր, ձեզ պետք է ձերբակալել», – ասում է Շվոնդերի դաստիարակած հեղափոխական աղջիկը Բուլգակովի «Շան սիրտը» վեպում:
«Իսկ ինչի՞ համար», – հետաքրքրվում է պրոֆեսոր Պրեոբրաժենսկին: «Դուք ատում եք պրոլետարիատը», – հպարտորեն բացականչում է աղջիկը: «Այո, ես չեմ սիրում պրոլետարիատին», – տխուր համաձայնում է Ֆիլիպ Ֆիլիպովիչը:
ՔՊ-ականների «ժողովուրդը» նման է շվոնդերականների «պրոլետարիատին»: Երկուսն էլ դատարկ, մարդկային բաղադրիչից զուրկ հասկացություններ են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր
Պարզ է, չէ՞, թե ում է ձեռնտու Իրանի թուլացումը
Տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է վերաթարմացնել «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը