Հայաստանում տարածաշրջանային խնդիրների իսկական եւ կեղծ փորձագետները տարբեր խորության մտքեր են արտահայտում Իսրայել – Իրան թեժացող եւ, անշուշտ, շատ վտանգավոր հակամարտության մասին:
Ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստն, իհարկե, շատ կարեւոր է, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է կողմերի գործողությունների ընկալումը մեր՝ հայաստանյան տեսանկյունից: Նախ՝ եթե վերանանք քաղաքական եւ բարոյական գնահատականներից, պետք է արժանին մատուցել Իսրայելի հետախուզության եւ զինուժի տեխնիկական ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակին:
Իսրայելն, ինչ խոսք, մեր բարեկամ երկիրը չէ, ավելի շուտ՝ Ադրբեջանի բարեկամն է: Բայց սովորելու բան շատ ունենք: Ես վստահ եմ, որ այդ երկրի հզորության հիմքը գաղափարախոսության մեջ է: Այդ գաղափարախոսությունը (սիոնիզմը) խարսխված է դարավոր կրոնական եւ ազգային ավանդույթների վրա:
Տնտեսությունը, ռազմարդյունաբերությունը, բանակն արդյունավետ են, երբ կա անխափան գործող պետական համակարգ, իսկ պետությունը կայանում է այն դեպքում, երբ բացի «պարզապես ապրելուց», հասարակությունն ունի նպատակներ, տեսլականներ: Տվյալ դեպքում՝ Տաճար: Բայց այդ բոլոր ուսանելի հանգամանքներով հանդերձ՝ այս կոնֆլիկտում իմ համակրանքը Իրանի կողմն է:
Ի՞նչ է ստացվում՝ Իրանն ու ԱՄՆ բանակցություններ են վարում ուրանի հարստացման շուրջ, կողմերը չեն կարողանում պայմանավորվել, բայց Իրանին՝ իր դիրքորոշման համար «պատժում է» Իսրայելը, որի գործողություններին, սակայն, ըստ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԱՄՆ-ը «ներգրավված չէ»:
Ագրեսիայի համար արժեր ավելի կուռ հիմնավորումներ կառուցել: Այո, Իրանում հաստատված քաղաքական ռեժիմը կարծր ավտորիտարիզմ է, բայց դա ինձ ավելի քիչ է հետաքրքրում, քան այն, որ Իրանն իսկապես շահագրգռված է Հայաստանը տեսնել որպես անկախ պետություն:
Աշխարհում այդպիսի եզակի երկրներից է նաեւ, թերեւս, Վրաստանը: Մնացածը կա՛մ ցանկանում են մեր պետության կործանումը (գիտենք, թե ով), կա՛մ անտարբեր են (այդ թվում՝ Ռուսաստանը):
Հիշենք, թե ինչպես էր վերջերս Ալիեւը համոզում Իրանին՝ փոխել դիրքորոշումը եւ թույլ տալ, որ նա Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» բացի: Պարզ է, չէ՞, թե ում է ձեռնտու Իրանի թուլացումը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
ՀՅԴ Հայաստանի կառույցը վճռական է՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը․ ԳԺ հայտարարությունը
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցները հակահայկական բնույթի էժանագին ապատեղեկատվություն են տարածում
Գլուխկոտրուկ՝ Արթուր Վանեցյանի «կրուգազորն» ընդարձակելու համար