17/06/2025

Ալիևին իրանա – իսրայելական հարաբերություններում առաջին հերթին հետաքրքրում է Զանգեզուրի միջանցքը

Ադրբեջանն Իրանի շուրջ տեղի ունեցողի ֆոնին դարձյալ «հիշել» է այսպես կոչված «զաննգեզուրյան միջանցքի» մասին: Դա արել է Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը, որը մասնակցել է Չեխիայում կայացող այն անվտանգային համաժողովին, որին մասնակցելու համար նախօրեին Պրահայում էր նաև Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։

Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված են եղել այդ հնարավորությունից:

Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար ևս։ Բայց մենք ևս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս», հայտարարել է Իլհամ Ալիևի օգնականը:

Նրա հայտարարությունը, իհարկե, բավականին նկատելի երեսպաշտություն է, մասնավորապես, երբ նա փորձում է «կատակել» Ադրբեջանի «միջանցք-անցուղի» լինելու թեմայով, իբրև թե ցույց տալով, որ Ադրբեջանի ուզածը ընդամենը ճանապարհ է:

Այն, որ դա երեսպաշտություն է, պարզ այն հանգամանքից, որ Երևանը մշտապես արտահայտվում է ճանապարհների՝ հենց վաղը ապաշրջափակման օգտին, նշելով, որ պատրաստ է անել դա երկրների սուվերենության փոխադարձության միջազգային սկզբունքի և նորմերի հիման վրա:

Եթե Ադրբեջանին հետաքրքրեր պարզապես Նախիջևանի հետ կապ ապահովող ճանապարհը, ապա Բաքուն, թերևս, վաղուց կարձագանքեր Երևանի դիրքորոշմանը:

Մինչդեռ, նախօրեին Հայաստանի ԱԽ քարտուղարն էլ հայտարարում էր, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել ապաշրջափակման հարցով Երևանի առաջարկներին: Ամիսներ շարունակ Ադրբեջանը այդ կապակցությամբ լուռ է, որովհետև նրա ակնկալածը ճանապարհը չէ, այլ հենց «միջանցքը»:

Ընդ որում, խորհրդանշական է, որ այդ «մտքերը» հնչում են անվտանգության համաժողովի այն թեմայի շրջանակում, որը վերաբերում է հարևանների միջև խաղաղ գոյակցությանը:

Ադրբեջանի հավակնությունները բացարձակապես չեն պարունակում խաղաղ գոյակցությանը նպաստող կառուցողական ներուժ, որովհետև պարունակում են Հայաստանի հանդեպ բացահայտ հավակնություններ:

Ընդ որում, մյուս մտահոգիչ խորհրդանշականությունն այն է, որ Բաքուն այդ մասին բաց տեքստով վերստին «հիշել» է փաստացի իրան-իսրայելական պատերազմի բռնկման ֆոնին: