Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Նրա հետ բանակցությունների մեկնարկին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը Չինաստանն անվանել է «բարի հարևան և ժամանակի փորձություն անցած ռազմավարական հուսալի գործընկեր»:
Այդ մասին հաղորդում է ղազախստանյան tengrinews-ը՝ հղելով նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը. «Չինաստանը երբեք Ղազախստանի հետ համագործակցության որևէ քաղաքական նախապայման չի առաջադրում»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը և հատկանշել, որ Աստանան բարձր է գնահատում Չինաստանի կողմից իր «ինքնիշխանությանն անփոփոխ աջակցությունը և անվտանգության երաշխիքները»: Տոկաևի հավաստիացմամբ՝ Ղազախստանը «սատարում է Չինաստանի խաղաղասիրական նախաձեռնություններին» և բարձր գնահատում «արդարացի աշխարհակարգի կառուցման գործում նրա առանցքային դերը»:
Այնուհետև Տոկաևը բարձրաստիճան հյուրին ներկայացրել է, որ ստեղծվել է «Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալություն», երկիրն ունի մի քանի, առնվազն՝ երկու-երեք խոշոր ատոմակայան կառուցելու ծրագիր և չինական CNNC ընկերությունը համարում է այդ բնագավառում «հուսալի ռազմավարական գործընկեր, ուստի այն արժանի տեղ կունենա Ղազախստանի շուկայում»:
Նա առանձնահատուկ ընդգծել է, որ Ղազախստանը հանդիսանում է Չինաստանի բնական ուրանի հուսալի մատակարար: Հունիսի 17-ին Աստանայում բացվում է Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթաժողովը: Չինաստանի նախագահն այդ կարևոր միջոցառումը ղազախստանցի պաշտոնակցի հետ կազմակերպում է մի իրավիճակում, երբ Կենտրոնական Ասիայի հարևան երկրում՝ Իրանում, լայնածավալ պատերազմ է, որի փաստացի մասնակից է նաև Միացյալ Նահանգները:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, թեև բավական զգույշ ձևակերպումներով, բայց ըստ էության դատապարտել է Իսրայելին՝ նրա գործողությունները որակելով որպես «միջազգային իրավունքին հակասող»: Անցած օրերին ոչ պաշտոնական տեղեկություն է տարածվել, որ Չինաստանն «Իրանին ռազմական աջակցություն է ցուցաբերում»:
Ստեղծված չափազանց բարդ իրավիճակում, երբ պատերազմը կարող է դուրս գալ Իրանի տարածքից, Չինաստանի նախագահի Կենտրոնական Ասիա այցը և գագաթաժողովի գումարումն արդեն իսկ այդ տարածաշրջանի համար անվտանգության քաղաքական որոշակի երաշխիք է:
Մյուս կողմից եթե Չինաստանի կողմից համագործակցության քաղաքական նախապայմաններ չառաջադրելու, ինքնիշխանություն հարգելու մասին Ղազախստանի նախագահի հայտարարությունը գնահատենք, ապա կստացվի, որ Կենտրոնական Ասիային համագործակցության առաջարկ անող այլ երկրներ առաջադրում են «ինստիտուցիոնալ նտեգրացիայի» նախագծեր:
Ու՞մ նկատի ունի Տոկաևը: Ղազախստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ և Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է: Երկու դեպքում էլ քաղաքական «հավատարմության» գործոնը գերակա է: Ըստ այդմ, Չինաստան-Կենտրոնական Ասիա համագործակցությունը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալիս Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում որոշակի ինքնուրույնություն պահել:
Բայց հարց է, թե դա ի՞նչ կարժենա նրանց, եթե իրավիճակը հասնի աշխարհաքաղաքական կամ քաղաքակրթական ընտրությանը: Իսկ եթե Չինաստանը փորձի Կենտրոնական Ասիան ինստիտուցիոնալացնել որպես «աշխարհաքաղաքական ինքնաբավ փակ սուբռեգիո՞ն»:
Բաց մի թողեք
Շուկաները ճնշման տակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին. Մերձավոր Արևելք, ազդեցություն Հայաստանի վրա
Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար
Դոլարը փոքր-ինչ աճել է․ հունիսի 20-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են