21/06/2025

Աշխատավարձերի չափի ու «50 տոկոսով լավ ապրելու» մասին Փաշինյանի հայտարարություններն ուռճացված են

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ի տարբերություն 2018 թվականի, 2025 թ․-ին մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում՝ «ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով»: 

Մասնավորապես, նա նշել է․ «2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ, 2025 թվականի ապրիլին՝ 304,992 դրամ, միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75 տոկոս՝ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս»: 

Այս տվյալների հիման վրա Փաշինյանը ընդգծել է, որ քաղաքացիներն իրականում ավելի լավ են ապրում նույնիսկ գնաճի հաշվառումով՝ մոտավորապես 50 տոկոսով։ «Այսինքն՝ իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում»,— ասել է Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Փաշինյանի ներկայացրած տվյալները, ինչպես նաև՝ 2018 թ․ ապրիլին նախորդած 7 տարիների վիճակագրությունը՝ պարզելու, թե ինչպիսին է եղել միտումը նախորդող ժամանակահատվածում։

Այսպես, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, 2025 թվականի ապրիլին միջին աշխատավարձը, նախնական տվյալներով, կազմել է 285,106 հազար դրամ, իսկ 2018 թ․-ին՝ 167,223 դրամ։

Նիկոլ Փաշինյանը, փաստացի, սխալ տվյալ է ներկայացրել՝ հայտարարելով, թե Հայաստանում 2025 թվականի ապրիլին միջին աշխատավարձը կազմել է 304,992 դրամ։ Մինչդեռ իրականում, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, այդ թիվը կազմել է ընդամենը 285,106 դրամ։ Վարչապետի մատնանշած թիվը պաշտոնական վիճակագրական տվյալներից զգալի շեղում ունի․ Փաշինյանը 2025 թ․-ի ցուցանիշը շուրջ 20,000 դրամով ավելի է ներկայացնում։

Արտապատկերումը Վիճակագրական կոմիտեից:

Ստացվում է՝ 2018 թ․ ապրիլից մինչև 2025 թ․ ապրիլ Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 117,883 դրամով կամ շուրջ 70․5 տոկոսով։ Այս տվյալը ևս չի համընկնում վարչապետի ներկայացրած տվյալի հետ։

Արտապատկերումը՝  Վիճակագրական կոմիտեից:

2018 թ․ ապրիլից 2025 թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում հանրագումարային գնաճը կազմել է 25․4 տոկոս։ Հետևաբար, 70.5 տոկոսով աշխատավարձերի աճի պարագայում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճը մոտ 45․1 տոկոսով։ Այսինքն, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, իրական աշխատավարձի աճը մոտ 36 տոկոս է (1,705/1,254-1=0,359 կամ 35,9 տոկոս–խմբ․), ոչ թե 50 տոկոս, ինչպես ներկայացրել է Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանի ներկայացրած 50 տոկոսանոց «լավ ապրելը», Վիճակագրական կոմիտեի թվերի համեմատ, գերագնահատված է։

Արտապատկերումը՝  Վիճակագրական կոմիտեից:

Ուսումնասիրել ենք նաև 2018 թ․-ին նախորդած 7 տարիների տեղաշարժը․ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2011 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը կազմում էր 112,730 դրամ։

Արտապատկերումը՝  Վիճակագրական կոմիտեից:

Այսինքն, միջին աշխատավարձի աճը կազմել է 54,493 դրամ կամ 48,3 տոկոս՝ 2011 թվականի ապրիլը 2018 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը կազմել է 17․67 տոկոս։

Արտապատկերումը՝  Վիճակագրական կոմիտեից:

Այսինքն, ըստ այս տվյալների, 2018 թ․ ապրիլին, 2011 թ․ ապրիլի հետ համեմատ, աշխատավարձերի աճը գերազանցել է գնաճը, և քաղաքացիների՝ աշխատավարձով ապրելու հնարավորությունը բարելավվել է շուրջ 26 տոկոսով։

Այսպիսով, տվյալների համադրումը ցույց է տալիս, որ թե՛ 2011-2018, թե՛ 2018-2025 թվականներին աշխատավարձերի աճը գերազանցել է գնաճը, ինչը տեսականորեն ենթադրում է, որ մարդկանց կենսամակարդակը բարձրացել է։ Այդուհանդերձ, 2018-2025 թթ․ իրական գնողունակության աճը եղել է ավելի մեծ, սակայն պաշտոնական տվյալներով՝ ոչ այնքան, որքան հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սյուզաննա Համբարձումյան