21/06/2025

Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին

Ժողովրդական ասացվածքն արձանագրում է՝ «սատանի խաղը կամրջին է բռնում»։ ՀՅԴ-ի՝ ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերած վարքի մասին ժողովրդական բանահյուսությունը որևէ աֆորիզմ կամ ասացվածք չի մոգոնել, բայց փորձը ցույց է տալիս, որ զառամյալ այդ քաղաքական կազմակերպությունը մեկ անգամ չէ, որ իրեն դրսևորել է «սատանայաբար»։

Այդ նենգ արարածի վարքը կրկնելու մասին է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը, որից դատելով՝ 135-ամյա կուսակցությունը որոշել է ներքաղաքական «քյանդրբազության» դիմել՝ շարունակել «ազգային դիմադրության պայքարը»՝ հեռացնելու ՀՀ գործող իշխանությանը։ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար լրջագույն աշխարհաքաղաքական ու ներազգային սպառնալիքների պայմաններում»,- աղաղակել են տիկնայք և պարոնայք դաշնակցականներն ու անցել «բուն թեմային». «ՀՀ իշխանությունների հակազգային քաղաքականության հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան։ Վարչախումբը, թշնամական ուժերի հետ համադրաբար, շարունակում է ազգային շահերն ու արժեքները պաշտպանող ուժերի թիրախավորումը, ներազգային պառակտումը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում արհեստական հակադրությունների սերմանումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումները և հուսալքության մթնոլորտի տարածումը՝ նպատակ ունենալով ոչնչացնել ազգային դիմադրության հնարավոր օջախները»։

ՀՀ իշխանության դեմ իրենց հերթական ավանտյուրիստական օպերացիան հիմնավորելու նպատակով տարիքն առած կուսակցությունը կոչ է արել «միավորվել ազգային պայքարի օրակարգի շուրջ, մերժել հուսահատությունը և դառնալ հաղթանակի համագործուն մասնակից»։ Փաստորեն, ՀՅԴ-ի քաղաքական հաշվարկով, մեր հարավային հարևանի՝ Իրանի և Իսրայելի (որը ադրբեջանական նավթի խոշորագույն ներկրողներից մեկն է, նաև՝ ռազմամթերքի խոշոր մատակարարը) միջև հակամարտությունը «Աստծու տված» բացառիկ, պատեհ առիթ է՝ ոչ թե պետության, պետականության շուրջ համախմբվելու կոչեր անելու, ոչ թե արկածախնդրությունից, տաքգլուխ որոշումներ կայացնելուց հրաժարվելու, սթափ ու հաշվենկատ հայտարարություններով ՀՀ-ի արտաքին սպառնալիքները նվազեցնելու, այլ… այլ ներպետական անկայունություն հրահրելու համար՝ հանրությանը կերակրելով երևակայական ինչ-որ հաղթանակի հույսով։

Արդ, սա նշանակում է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է իշխանափոխություն անել ու միաժամանակ պատերա՞զմ հայտարարել Ադրբեջանին՝ բերելու իր ասած ու պատկերացրած այդ հաղթանակը։

Մինչ կուսակցության ԳՄ-ի նորընտիր կազմի ադեկվատ ներկայացուցիչները կարձագանքեն հարցադրմանը՝ նկատենք՝ սույն կազմակերպությունը երիցս ապացուցում է, որ որպես քաղաքական կազմակերպություն այդպես էլ չի իմաստնացել, չի սերտել ճգնաժամային իրավիճակներում իրեն պատշաճ ու ադեկվատ դրսևորելու կուլտուրան։

Դաշնակցության այս պահվածքը, նկատենք, տարակուսելի չէ, նույնիսկ արդեն ծանոթ ու դեժավյու հարուցող է։ ՀՅԴ-ն «առաջին գծում» էր նաև 44-օրյա պատերազմի ավարտից հետո և հետպատերազմական ամենավտանգավոր փուլում իշխանափոխություն էր տենչում

Հիշեցնենք՝ 90-ականներին էլ, երբ ՀՅԴ-ն նորից ընդդիմություն էր, երկիրն էլ՝ ծանր պատերազմի մեջ, ինչպես այդ տարիների մամուլի հրապարակումներն են վկայում՝ ոչ միայն անողոք քննադատում էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, շարունակական ցույցեր, միտինգներ կազմակերպում ՀՀ նախագահի նստավայրի մոտ, նույն վայրում վառում վերջինիս խրտվիլակը, իշխանության ներկայացուցիչների կախաղանները պատրաստելու կոչեր անում, մի քանի տասնյակի հասնող մամուլի օրգաններով հակաքարոզչություն իրականացնում, այլև տեռորիստական կազմակերպություններ հիմնում։

Ավելին՝ դաշնակցական մամուլը, որն այսօր բանակի հրատապ վերակառուցման մասին հայտարարություններով է քնում-արթնանում, պաշտպանության նախարար, հայկական բանակը կազմավորած Վազգեն Սարգսյանի անունը փոքրատառով էր գրում։ Ի դեպ, տարիներ առաջ Տեր-Պետրոսյանը վկայեց, թե ինչպես էին դաշնակցական մամուլի օրգաններում տպագրում ռազմական օպերացիաների քարտեզներ և վնասում պատերազմական գործողություններին։

Արդ, այս նույն Դաշնակցության համար, որը ծարավի է արյան ու իշխանության, ի՞նչ մի դժվարություն կամ նեղություն է նույն ձեռագիրը կրկնել նաև այսօր, կուսակցություն, որն իր կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Հրանտ Մարգարյանի շուրթերով դեռ շաբաթներ առաջ, «ավանսով» փափագում էր երկրորդ «Հոկտեմբերի 27»-ի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և համանման գործողությունների կրկնությունը։

Չէ՞ որ միայն այդպիսի գործողությունների արդյունքում է, որ հնարավոր կլինի Հայաստանը մտցնել ՌԴ-ի կողմից ստեղծվելիք «միության» կազմ՝ ի կատար ածելով տխրահռչակ 004 շրջաբերականում արձանագրված համապատասխան դրույթը։

Ի դեպ, տարիներ առաջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով ժամանակին ատելություն ու անհանդուրժողականություն քարոզելու, բռնության կոչեր անելու մասին հարցին, հայտարարել էր՝ «Դաշնակցությունը ծովի է նման. իր միջից աղբը միշտ ափ է հանում: Եվ այս առումով մենք պրոբլեմ չունենք, որ պատահում է նաև, որ մեր մեջ լինում են մարդիկ, որոնք դաշնակցականի նման չեն»:

Հետևելով ՀՅԴ-ի վերջին մի քանի տարիների վարքագծին՝ թերևս կարելի է եզրակացնել՝ ՀՅԴ-ն հիշեցնում է ծով, որն իր միջից այլևս աղբ չի հանում ափ։ Քանի որ այլևս ափեափ լցված է ոչ թե ջրով, այլ… աղբով։

Հ.Գ. Ի դեպ, ի տարբերություն ՀՅԴ-ի, մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ ՀԱԿ-ը, օրերս տարածած հայտարարության մեջ ճգնաժամային պահին կոչ էր արել «Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին դադարեցնել ներքին հակամարտությունները, միառժամանակ զերծ մնալ հրապարակային բողոքի ակցիաներից՝ երթերից, ցույցերից ու հանրահավաքներից և համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը:

Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին»։

Հ. Մանուկյան