20/06/2025

Ում և ինչպես է ցավ պատճառել Ռազմիկ Մկիրտչյանը

Շենգավիթի նախկին թաղապետին, որն այժմ կալանավայրում է, քաղաքապետարանում բնութագրելիս օգտագործում են «լկտի» բառը։ Նկատի ունեն, որ նա նախահարձակ լինող, «ռազբիրատներ» սիրող ղեկավար է եղել։

Հրապարակ թերթը գրել է․ Նրա շուրջ սկանդալները սկսվել են 2019 թվականից․ դեռ «Երկիր ծիրանիից» Մարինա Խաչատրյանն էր ժամանակին բարձրաձայնել Մկրտչյանի պահվածքի մասին:

Երբ «Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնության շրջանակում իրականացվում էր ստորագրահավաք` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, Ռազմիկ Մկրտչյանը 4-5 հոգով մոտեցել էր ստորագրահավաք իրականացնողներին, սադրել, անհարգալից վերաբերմունք դրսեւորել նախաձեռնության անդամների նկատմամբ:

Իսկ երբ Մ. Խաչատրյանը փորձել էր միացնել տեսախցիկը, պաշտոնյան փախել էր։ Դեպքի մասին Մարինա Խաչատրյանը տեղյակ էր պահել այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն միջադեպին որեւէ գործընթաց չէր հաջորդել։

Մկրտչյանն ագրեսիվ վարքագծով աչքի է ընկել նաեւ 2020 թվականին, երբ մի խումբ ջարդարարներով ծեծի էր ենթարկել Շենգավիթի թաղապետարանի աշխատակից Գեւորգ Պողոսյանին: Գործ էր հարուցվել, վերջինս ճանաչվել էր տուժող, հարցաքննվել էր, սակայն իրավապահները հետագայում այս գործը «ջրել» էին։

Չպատժված թաղապետը, հավանաբար, դրանից հետո էր իրեն անպատժելի զգացել եւ իր «սեւ գործը» շարունակել էր: Օրեր առաջ՝ թաղապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, ընկերների հետ ծեծի էր ենթարկել Շենգավիթի ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին․ այս միջադեպն արդեն ավարտվեց կալանքով: Այս անգամ թաղապետը համարձակվել էր ՔՊ-ականի «խաթրին կպնել»:

Մակարյանը, հիշեցնենք, ժամանակին աշխատել էր թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով` ամիսներ առաջ ազատվել էր աշխատանքից։ Հետո՝ մի առիթով հայհոյախառն արտահայտություններ էր արել Մկրտչյանի հասցեին, եւ վերջինս որոշել էր պատժել իրեն բան ասողին ու ծեծի էր ենթարկել նրան: Այս ծեծի պատմությունը հասել է Նիկոլ Փաշինյանին, եւ նրա հրահանգով էլ այժմ ՔՊ-ականը կալանքի տակ է։

Սակայն ակնհայտ է, որ սա ուշացած պատիժ է, իշխանությունը քայլեր ձեռնարկեց այն ժամանակ, երբ ՔՊ-ականին հասան նրա ձեռքերը: Թեեւ կան տեղեկություններ, որ այդ ծեծը հարմար պատրվակ էր նրան պատժելու համար` իշխանությունը դժգոհ էր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարից: Սակայն այս պատմությունից եւս մի բան է հետեւում, որ մեզանում արդարադատությունը սկսել են իրականացնել Փաշինյանի հրահանգով, իսկ նա որոշում է պատժել, երբ իրեն պետք է, սակայն նաեւ ներում է յուրայիններին, թույլ տալիս, որ չափն անցնեն, ու «բեսպրեդել» տիրի երկրում։

«Հրապարակ»-ը մի քանի օր է՝ փորձում է նախաքննություն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, տեղեկություն ստանալ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի, գործով անցնող անձանց, դեպքի վերաբերյալ։ Մեզնից գրավոր հարցում են պահանջել, նույնը՝ Գլխավոր դատախազությունից։ Տեսնենք, թե երբ կպատասխանեն: Զրուցել ենք Մկրտչյանի փաստաբան Հրանտ Դադոյանի հետ։ Նա չցանկացավ գործի մանրամասները հայտնել՝ ասելով, թե նախաքննական գաղտնիք է ու պաշտպանական տակտիկա։

Համաձա՞յն են կալանքի որոշման հետ, բողոքարկելո՞ւ են։ «Ըստ էության, որեւէ պաշտպան կալանավորման հետ համաձայն չէ, մեր հանգամանքները կենցաղային բնույթի են։ Պատրաստվում ենք բողոքարկել»,- ասաց պաշտպանը։ Քաղաքական ենթատեքստ ունի՞ կալանավորումը։ «Քաղաքական երանգներ չկան, կենցաղային միջադեպ է»,- նշեց նա եւ ավելացրեց՝ որոշ ժամանակ անց հայտարարությամբ հանդես կգան։

Թեպետ իրավապահ մարմիններից չեն պատասխանում մեղադրանքի վերաբերյալ մեր հարցերին, սակայն մեր աղբյուրները տեղեկացնում են՝ գործը հարուցվել է ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու հոդվածներով։ Ինչպե՞ս են հոգեկան տառապանք պատճառել Մակարյանին․ մեր աղբյուրները ենթադրում են՝ նվաստացնելու միջոցով։ Ի դեպ, գործով անցնող անձանցից միայն Մկրտչյանն է կալանքի տակ, մյուսներն ազատության մեջ են` խափանման միջոցը չբացակայելու ստորագրությունն է։

Նշենք նաեւ, որ Մկրտչյանի ղեկավարած կառույցում վերջին ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի աշխատակցի ձերբակալեց՝ կաշառքի մեղադրանքով։