21/06/2025

Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկապնակը

«Հայ քաղաքական էլիտան «Դվին» ռեստորանային համալիրում հունիսի 12-ին նշել է Ռուսաստանի օրը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար:

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր աղբյուրը պատմեց, որ ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Անգամ կատակեց՝ Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկապնակը: Իշխանությունից ևս բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև՝ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ։

Միջոցառումն անցել է խնջույքային միջավայրում, ներկաների ուշադրությունը գրավել է հատկապես Մհեր Գրիգորյանի պահվածքը: Ասացին՝ նա իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում, ջերմ զրուցել է դեսպանի հետ, կենացներ, բաժակաճառեր ասել և հեռացել է ամենավերջինը»։