21/06/2025

ՀՅԴ և «Սրբազան պայքար»-ի մասնակիցների են ձերբակալում

ՀՅԴ-ի մարզային կառույցներում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում: Այս մասին հայտնում են դաշնակցականները:

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։

ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։

Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն։

Ձերբակալվել են «Սրբազան պայքար» նախաձեռնության մի շարք անդամներ:

Սրբազան պայքարից տեղեկացրեցին, որ իրավապահ մարմիններն իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ:

«Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,- ասված էր հաղորդագրության մեջ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սրբազան Պայքարի ակտիվ մասնակից Արթուր Սարգսյանը նշեց, որ ձերբակալությունները մասսայական բնույթ են կրում, այս պահին փորձում են հասկանալ, թե քանի՞ հոգու են տարել և որտե՞ղ են նրանք:

«Փորձում ենք ճշտել, որքան հասկանում ենք՝ այս պահին արդեն շուրջ երկու տասնյակ ձերբակալված կա, բայց թիվը անշուշտ կավելանա»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ սա խոսում է իշխանության վախերի մասին՝ պայմանավորված Փաշինյանի Թուրքիա կատարած այցով և այսօր երեկոյան այնտեղ ձեռք բերվելիք համաձայնություններով:

ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսել է «իրավապահների» տեռոր, որը հիշեցնում է 1915թ. ապրիլի 24-ի նախօրեն։ Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն