Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր է։
Բարձրաստիճան պաշտոնյան այս հայտարարությունն արել է՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի, և նաև չմասնավորեցնելով, թե աշխարհի հատկապես ո՞ր երկրի համեմատությամբ է Հայաստանում միջին աշխատավարձը բարձր։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է աշխարհում աշխատավարձերի վերաբերյալ հայտնի զեկույցները, վիճակագրությունը և պարզել, որ պաշտոնյան սխալվել է, նրա հայտարարությունն իրականության հետ աղերս չունի։
Աշխարհի միջին աշխատավարձի հաշվարկը բարդ է, քանի որ այն կախված է տվյալների աղբյուրներից, հաշվարկման մեթոդներից և տնտեսությունների բազմազանությունից։ Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն, 2022 թվականին -0․9 տոկոս անկումից հետո համաշխարհային իրական աշխատավարձը վերականգնվեց 2023 թվականին՝ գրանցելով 1.8 տոկոս աճ, իսկ 2024 թ-ին՝ 2․7 տոկոս։
Նույն աղբյուրի համաձայն, չնայած 2021 թվականին համաշխարհային միջին ամսական աշխատավարձը գնահատվում էր շուրջ 1728 ԱՄՆ դոլար (գնողունակության համարժեքության ճշգրտմամբ), վարձու աշխատողների 10 տոկոսը համաշխարհային մակարդակով ամսական վաստակում է 250 ԱՄՆ դոլարից պակաս, իսկ 1 տոկոսը՝ 62 ԱՄՆ դոլարից պակաս։ Ավելի վաղ՝ 2012 թ․-ի տվյալներով, աշխարհի միջին աշխատավարձը կազմում էր ամսական 1480 դոլար, ինչը տարեկան ընդամենը 18,000 դոլարից պակաս էր։
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2025 թ․ ապրիլին կազմել է 285,106 դրամ կամ 748․24 դոլար, ինչը բավականին ցածր է վերը նշված համաշխարհային միջին ամսական աշխատավարձի չափից։
Հայաստանի միջին աշխատավարձը ցածր է զարգացած երկրների մեծ մասից։ Օրինակ՝ եվրոպական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան (3419 ԱՄՆ դոլար), Ավստրիան (3910 եվրո) կամ Բելգիան (4918 եվրո), միջին աշխատավարձը շատ ավելի բարձր է։
Հայաստանի միջին աշխատավարձը կարող է համեմատվել Հարավային Կովկասի երկրների հետ։ Վրաստանում միջին աշխատավարձը կազմում է 796․50 ԱՄՆ դոլար, իսկ Ադրբեջանում՝ 613 ԱՄՆ դոլար։ Հայաստանի 2025 թ․ ապրիլի ցուցանիշը մրցակցային կարող է համարվել մեր տարածաշրջանում։
Ըստ Statista-ի տվյալների, հաշվի առնելով գնողունակության համարժեքությունը, Լյուքսեմբուրգը 2024 թվականին աշխարհում ամենաբարձր ամսական աշխատավարձ ունեցող երկիրն է եղել։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ, ամենաբարձր աշխատավարձ ունեցող երկրների մեծ մասը գտնվում է Արևմտյան Եվրոպայում, իսկ եթե դիտարկենք մեկ շնչի հաշվով ազգային եկամուտը ըստ աշխարհի տարածաշրջանների, ապա ամենաբարձր ցուցանիշը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային, որտեղ մեկ շնչի հաշվով եկամուտներն ամենաշատն են աճել 1970 թվականից ի վեր: Մեկ շնչի հաշվով եկամուտը զգալիորեն աճել է նաև Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում, ինչը ցույց է տալիս զարգացող երկրների տնտեսական առաջընթացը վերջին տասնամյակների ընթացքում:
Նշենք նաև, որ ըստ Statista-ի, 2024 թվականին աշխարհում աշխատողների ամենաբարձր միջին ամսական աշխատավարձ ունեցող 20 երկրների ցանկում (գնողունակության համարժեքության ճշգրտմամբ) Հայաստանը չկա։ Ցանկի առաջին հնգյակում են Լյուքսեմբուրգը, Բելգիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Ավստրիան։

Country Cassette-ի տվյալներով, որը փաստեր և վիճակագրություն է հավաքում կառավարության հաղորդակցման ուղիներից կամ տեղական լրատվամիջոցների միջոցով, 2025 թ․-ին ամենաբարձր ամսական աշխատավարձ ունեցող երկիրը Շվեյցարիան է՝ 6 հազար դոլար։

Նույն տվյալների համաձայն, Հայաստանը 65-րդ տեղում է՝ 553․94 դոլարով։

Այսպիսով, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում միջին աշխատավարձն ավելի բարձր է համաշխարհային միջինից, անհիմն է, ոչ փաստահեն, ավելին՝ իրականության հետ աղերս չունի։
Սյուզաննա Համբարձումյան
Բաց մի թողեք
Շուկաները ճնշման տակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին. Մերձավոր Արևելք, ազդեցություն Հայաստանի վրա
Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար
Դոլարը փոքր-ինչ աճել է․ հունիսի 20-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են