Գերտերությունների շահերից բխող (խաղաղասիրության քողի տակ) համաշխարհային վերաբաժանումը մի նոր պատերազմական օջախ պարգեւեց մեր տարածաշրջանին՝ հողմապտույտի ավերածություններով ու մահերով լեցուն Իսրայել-Իրան առերեսումը:
Արձագանքները չուշացան, հայաստանյան ներքաղաքական կյանքն առավել բեւեռվեց.
ա) իշխանության կողմից հակակաթողիկոսական արշավ՝ տոգորված իշխանություն-ընդդիմություն փոխադարձ լկտի խոսույթով ու խուլիգանական բառապաշարով,
բ) իշխանությունների քիմքին «անհաղորդ» աղանդավորականների՝ «Եհովայի վկաներ», «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցի»` մորմոնների աննախադեպ աշխուժացում:
Եհովայի վկաներն ունեւոր մարդու հագուկապով, դատապաշտպանի ճարտար լեզվով ուսուցչուհի-մտավորականներ են: Մորմոնները՝ երիտասարդ, սափրված, սպիտակ ու զուսպ վերնաշապիկներով, սեւ տաբատներով, մաքուր դասական կոշիկներով եւ, որ ամենակարեւորն է, հաղորդավարի կիրթ հայերենով խոսող ոչ հայազգի ամերիկացիներ են:
Ինչն է հատկանշական․ երբ անցորդներից ոմանք մի պահ հիանում են նրանց կոկիկ բարետեսությամբ, նրանք՝ եհովական կանայք, իրենց գրաված տարածքում, մորմոն երիտասարդները՝ մեկ այլ հեռու տարածքում, որսում են իրենց ուղղված հայացքը, թեթեւակի ժպտում ու ոչ բարձր, լսելի ձայնով բարեւում, հետո հրավիրում զրույցի կյանքի հավերժության թեմայով, իսկ մորմոն երիտասարդները՝ ծանոթացնելու ոմն Ջոզեֆ Սմիթ մարգարեի վկայություններին:
Հանրության շրջանում ոմանք մտմտում են՝ հակակաթողիկոսական արշավի եւ աղանդավորների աշխուժացման համընկնումն արդյո՞ք պատահականություն է…
Անշուշտ՝ ոչ, քանզի նախադեպը կա, աղանդավորական շարժումն ակտիվանում է այնտեղ, որտեղ սոցիալական կյանքն օր-օրի բարդանում է, հոգեւոր, մտավոր դատարկություն է, եւ գործում է քողարկված քաղաքական լծակը։ 2018-ին, երբ «թավշյա հեղափոխություն» էր, աղանդավորությունը ոգեւորվածների շարքերում էր, իսկ երբ պարզվեց, որ թավշյա ոչինչ չկար, սոսկ իշխանափոխություն էր, նրանք անցան սպասողական դրության:
Հիմա հակամենատիրական պայքարի ժամանակներ են, մանավանդ որ առաքելական եկեղեցու հովվապետի դեմ բացահայտ հայհոյանքներ են հնչում, ուրեմն պահն է, որ աղանդավորությունը խառնվի այս խառնաշփոթին եւ սեփական շահերը սահուն առաջ մղի:
Հաջողվեց եհովական ուսուցչուհիներից մեկին համոզել եւ չեզոք վայրում կարճ զրուցել Հայաստանում տիրող իրավիճակից: Հարցին՝ որպես մանկավարժ, ինչպես է ընկալում «Կրթվելը նորաձեւ է» միտքը, պատասխանեց՝ վարչապետն ու իր կինը ինքնախոստովանությամբ են զբաղված:
«Կրթվելը նորաձեւ է» ապրելակերպ է, նրանք դա ստեղծել են իրենց համար: Ուզում են կրթվել, դե թող կրթվեն, ի՞նչ է եղել: Կհաջողվի կրթվել, թե չի հաջողվի՝ դա իրենց խնդիրն է եւ չպետք է մեր մտահոգության առարկան դառնա: Այ, ուրիշ բան, երբ նրանք հայտ են ներկայացնում, թե իրենք ամենաբանիմացներն են եւ կարող են ուրիշներին կրթել: Հիմա ինչպե՞ս չասել՝ ախր ինչքան որ դուք գիտեք, հազարավոր մարդիկ ամեն օր ձեր իմացածի չափով մոռանում են:
ՀԳ. Տպավորիչ էր ուսուցչուհու ամփոփիչ խոսքը․ «Կան մարդիկ, ովքեր ինքնամեծարման ցավով են հիվանդ, այն էլ՝ անբուժելի ցավով: Այդ մարդկանց ես-ն իրենցից առաջ է վազում, կիլոմետրերով առաջ: Իսկ վարչապետը միայն մի բան գիտի՝ ամեն կերպ ու ամեն առիթով իր անձը կարեւորել»:
Արամայիս Ասլանյան
Բաց մի թողեք
Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ Օսկանյան
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան