Այսօր աշխարհահռչակ գեղանկարիչ Մարկ Շագալի ծննդյան օրն է․
Պաբլո Պիկասոն և Մարկ Շագալը ընկերություն են արել մոտ 40 տարի։ Իսպանացի և հրեա երկու այս նկարիչները հանդիպել են Փարիզում։ Քաղաք, որի շնորհիվ նրանք դարձել են համաշխարհային անուն, կարողացել են ինքնահաստատվել և այնպես ինքնադրսևորվել, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը այս արտագաղթյալներին համարել է իրենը ու միայն իրենը։

Պիկասոյին և Շագալին միավորել են Փարիզը, կերպարվեստը, էմիգրացիան, այնուհետև՝ աստղային հաջողությունները։ Նրանք երկուսն էլ հավատարիմ էին առարկային, իհարկե, յուրաքանչյուրը յուրովի․ Պիկասոնք ձևի միջոցով, Շագալը` գույնի։ Նրանք երկուսն էլ իմպուլսիվ էին, էքսցենտրիկ, փառասեր ու շատ տաղանդավոր։ Շագալը ապրեց 98 տարի, Պիկասոն` 91։
Շագալը, որ երբեք ոչ մի բարի ու դրական խոսք չէր ասել իր ժամանակակիցների մասին, այնուամենայնիվ, Պիկասոյին համարում էր մեծ և հանճարեղ։ Նրանք հաճախ էին փոխանակվում հաճելի ու հետաքրքիր մտքերով։ Ֆրանսիական հարավում ստեղծագործելու տարիներին նրանք երբեմն միասին նկարում էին նույն արվեստանոցում։ Այդ օրերին Պիկասոն նույնիսկ թրծել ու նկարազարդել է Շագալի ոճով մի ափսե։
«Երբ Մատիսը մահանա, Շագալը կլինի միակ նկարիչը, որն իսկապես հասկանում է, թե ինչ է գույնը: Ես հիացած չեմ նրա աքաղաղներով, հետույքներով, թռչող ջութակահարներով և այդ ամբողջ բանահյուսությամբ, բայց նրա նկարներն իսկապես նկարված են, ոչ թե խզբզված: Նրա որոշ գործեր ինձ համոզում են, որ Ռենուարի ժամանակներից ի վեր՝ ոչ ոք Շագալի նման լույսը չի զգացել»,- ասել էր Պիկասոն։
Սակայն այս ընկերության մեջ երկուսն էլ կարծես մրցում էին ոչ միայն իրենց արվեստով, այլ նաև սուր ցինիզմով ու միմյանց հանդեպ անհանդուրժողականությամբ։

Երկու հանճարեղ այս նկարիչների ընկերությունն ավարտվեց 1964 թվականին՝ մի անհեթեթ երկխոսության պատճառով։ Այս մասին Ֆրասուազա Ժիլոն իր «Իմ կյանքը Պիկասոյի հետ» գրքում գրում է. «Պիկասոն հարցրեց Շագալին. «Ե՞րբ ես վերադառնալու Ռուսաստան»։
Առաջինը Շագալը հարձակվեց. «Անմիջապես քեզնից հետո: Լսել եմ, որ քեզ այնտեղ շատ են սիրում, ինչը չի կարելի ասել քո գործերի մասին: Փորձիր այնտեղ աշխատել, տեսնեմ` կստացվի՞ քեզ մոտ»:
Պիկասոն, բնականաբար, չուշացրեց պատասխան հարվածը. «Ենթադրում եմ, որ դա քո դեպքում բիզնեսի հարց է։ Իհարկե, դու չես գնա այնտեղ, որտեղ փող չկա»»։
Ֆրանսուազան հիշում է, որ այս խայթոցին Շագալը պատասխանեց ժպիտով, սակայն ներքուստ կատաղած էր, ինչպես ցուլը։
Սրանով ավարտվեց նրանց քառասունամյա ընկերությունը։ Այս դեպքից հետո նրանցից ոչ ոք այլևս ոչ մի ջերմ խոսք չասաց իր նախկին ընկերոջ մասին… Ավելին, նրանք բաց չէին թողնում պահը՝ միմյանց ոճը, արվեստն ու ապրելակերպը քննադատելու համար։
Մի առիթով էլ Շագալն ասել էր. «Ի՜նչ հանճար է այս Պիկասոն, ափսոս, որ նա չի նկարում»: Պիկասոն էլ պատասխանել էր. «Ես չգիտեմ, թե որտեղ է նա գտնում իր այս պատկերները։ Երևի նրա գլխում հրեշտակ է ապրում»։

1964 թվականի ճակատագրական ընթիքից հետո Պիկասոն Շագալին հեգնանքով անվանում էր օդաչու, քանի որ նրա նկարներում բոլորը թռչում են, իսկ Շագալը նույն հեգնանքով Պիկասոյին համարում էր մասնատող դանակ, որովհետև նրա նկարներում մարմնի մասերը ամենատարբեր տեղերում են։
Երկու հանճարեղ այս նկարիչների ընկերությունը տարերային էր ու անհանգիստ, անսովոր ու յուրօրինակ, թռչող ու մասնատող, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին էր նրանց արվեստը։
«Առավոտյան բացելով աչքերս` ես երազում եմ տեսնել ավելի կատարյալ աշխարհ, որում տիրում են բարեկամությունը և սերը: Բայց միայն դա բավարար չէ, որպեսզի իմ օրը լինի հիասքանչ և արժանի կեցության»:

1. Մարկ Շագալը հանդիսանում է աշխարհում միակ նկարիչը, ում կատարած վիտրաժներով ձևավորված են պրակտիկորեն բոլոր կրոնադավանական տաճարները: 15 տաճարների շարքում կան հինավուրց սինագոգներ, լյութերական տաճարներ, կաթոլիկ եկեղեցիներ և այլ հասարակական շինություններ` տեղակայված Ամերիկայում, Եվրոպայում և Իսրայելում:
2. Շագալը համարվում է գեղանկարչության մեջ սեռական հեղափոխության նախաձեռնողներից մեկը: Բանը նրանում է, որ արդեն 1909թ.-ին նրա կտավի վրա մերկ կին է պատկերված եղել:
Բնորդուհին եղել է Թեա Բրահմանը, ով համաձայնել է այդ դերին նկարչի նկատմամբ տածած խղճահարությունից, ով ֆինանսական դրությունից ելնելով չէր կարող իրեն թույլ տալ օգտվել պրոֆեսիոնալ բնորդուհու ծառայություններից: Ավելի ուշ այդ սեանսները հանգեցրեցին ռոմանտիկ հարաբերությունների, իսկ Թեան դարձավ նկարչի առաջին սերը: 5_640x448
3. Լինելով վատ տրամադրության մեջ, Շագալը նկարում էր միայն աստվածաշնչային պատկերներ, կամ ծաղիկներ: Ընդ որում, վերջինները շատ ավելի լավ էին վաճառվում, ինչը շատ էր հիասթափեցնում նկարչին: 7_640x444 8_640x518
4. Ամենագլխավորը Տիեզերքում և կյանքում գեղանկարիչը համարում էր միայն սերը: 9_640x512
5. Մարկ Շագալը մահացել է 1985թ.-ի մարտի 28-ին` վերելակով 2-րդ հարկ բարձրանալու ժամանակ, հետևաբար, մահը վրա է հասել վերջինիս թռիչքի ժամանակ:


Բաց մի թողեք
Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կինոյի այնպիսի մի հրաշք, որի հայացքում միաժամանակ ապրում են կրակն ու խոցելիությունը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին