07/05/2026

EU – Armenia

Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում․ ովքեր են ազատվել աշխատանքից

Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունում պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից:

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։

Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված 2 անձանցից Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է, և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։

Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել են դեպքը կոծկելու փորձի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ: