Հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 32 հասցեի մոտ ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «BYD» մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքից, ինչի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։

Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ Մեծամորում հայտնի տուֆե պատվանդանի վրա տեղադրված երկաթե նախշազարդի վրայից փրկարարները իջեցրել են տղամարդու մարմինը
Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր. Լուսանկար
Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է