Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.
«Ձուկ գողացողից» մինչև Ստամբուլ (Պոլիս)
«Աշխարհն, այո, շուռ է եկել»,- կասեր հոգելույս Արամաշոտ Պապայանը։ Շուռ եկած աշխարհում է միայն, որ հայտնի «Ձուկ գողացողը», կենդանական ծագումով տարբեր անկեսնագիրներ կարող են խոսել իմ և համակիրների, Միքայել Սրբազանի և եկեղեցու, Սամվել Կարապետյանի և այլ արժանավոր հայորդիների մասին, ինչպես նաև ստամբուլյան տրամաբանությամբ վերլուծություն կատարել աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։
Այսօրվա տեղեկություններն առ այն, որ հուլիսի վերջին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը վերահաստատում է մեր այն տեղեկությունը, որ Կ. Պոլսում հենց այս համաձայնությունն էին գոյացնելու «Խաղաղության համաձայնագիր թե պայմանագիր» կոչված «սև թուղթը» ստորագրելու համար, որի բովանդակությունը ցայսօր թաքցված է հայ մարդուց։ Այս մասին տեղեկացրել էի դեռևս հունիսի 18-ին՝ ստամբուլյան հանդիպումից առաջ՝ թե՛ տեղի մասին և թե՛ հուլիսի վերջին, օգստոսի սկզբին հնարավոր ստորագրության մասին։
Հիմա հասկացա՞ք, թե ինչու՞ ենք մենք կալանավայրերում, իրական և բուն պատճառը՝ այն է վերացնել դիմադրության հնարավոր օջախները։
Այո՛, ոչ ոքի համար գաղտնիք չի եղել, որ ես և շատերը հստակ ու պարզ հայտարարել ենք, որ փողոցային խաղաղ անհնազանդության պայքարը անհրաժեշտություն է և պահանջված՝ չարիքը մեր երկրից հեռացնելու համար։
Մշտապես շեշտել եմ, որ այս աղետի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է, որը կարող է ի վերջո համախմբել հանրությունը և թույլ չտալ մեր պետության վերջնական հանձնումը։
Պատկերը առավել քան հստակ է, սակայն անելիքներն անորոշ։
Զգուշացնում էի, որ այս վերջնական աղետալի գործողությունը տեղի է ունենալու մարդկանց արձակուրդների շրջանում, որպեսզի նույնիսկ նկատելի չլինի «խավարի քողի տակ», ինչպես եղավ 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը, 2022թ. հոկտեմբերի 6-ը, 2023 թ. սեպտեմբերի 19-24 Արցախի հանձնումը, 2024թ. ապրիլի 19-ի գիշերը, Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհի հանձնման պարագան և այլն։
Իսկ հիշու՞մ եք, թե ինչ դեպք է տեղի ունեցել գիշերվա քողի տակ… Հունդան խաղաղության համբույրով մատնեց Հիսուսին։ Հիմա նույն «խաղաղության համբույրով» մատնվում է մեր կյանքը։
Սիրելիներ,
Այժմ այլևս վաղուց ժամանակը չէ վերլուծությունների, փորձագիտական մեկնաբանությունների, քաղաքական և այլ տարբերությունների։ Մեկ կողմ թողեք ամեն բան և միավորվեք հանուն Հայաստանի, հանուն պատվի և արժանապատվության, հանուն մեր նահատակների, հանուն մեր տառապանքների, հանուն մեր երազների և իղձերի, որոնք ավելի մեծ են քան մեր ժամանակավոր կյանքի սահմանափակ օրերը։
Հաղթանակն այլընտրանք չունի…

Բաց մի թողեք
Ուզում էին առանց հանրությանը հայտնելու հանձնել Ադրբեջանի՞ն
15 տարեկան տղայի մատները կոտրվել են․ Նարեկ Կարապետյանը Շաքի գյուղում կատարվածի մասին
Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև