Հուլիսի 12-ին, Իրաքի Սուլեյմանիե քաղաքի մերձակայքում «Քրդական բանվորական կուսակցության» ռազմական կազմավորումների զինաթափման գործընթացի մեկնարկի հաջորդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել պատմական այդ իրադարձությանը նվիրված հատուկ ուղերձով:
Նա նշել է, որ «ահաբեկչության դեմ պայքարի» տարիներին Թուրքիայի անվտանգության ուժերն ունեցել են ավելի քան 10 հազար զինվորականի կորուստ, «քրդական հարձակումների զոհ է դարձել Թուրքիայի 50 հազար քաղաքացի»: Երկրի տնտեսական վնասներն Էրդողանը գնահատել է երկու տրիլիոն դոլար:
Քաղաքական առումով Թուրքիայի նախագահի հայտարարությունն առանձնանում է, թերևս, երկու առումով: Էրդողանը ոչ մի ակնարկ, իսկ չի արել, որ ՔԲԿ-ի ռազմական կազմավորումների զինաթափման կարող է հաջորդել երկրում քրդական ինքնության օրինականացում:
Նա կրկնել է նույն թեզը, որ Թուրքիայի 86 միլիոն բնակչությունը միասնական է, «բոլորը եղբայրներ են, լինեն նրանք թուրք, քուրդ, թե արաբ»:
Նախօրեին «Քրդական կազմակերպությունների խորհուրդը», որին աջակցություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանական DEM կուսակցությունը, ՔԲԿ-ի ռազմական կազմավորումների զինաթափման գործընթացի հաջողությունը պայմանավորել է կուսակցության առաջնորդ Օջալանի «գերությունից ազատ արձակմամբ» և Թուրքիայի քաղաքական կյանքում քրդական ինքնության օրինականացմամբ: Էրդողանի հայտարարությունից հասկացվում է, որ նա երկու առաջարկություններն էլ մերժում է:
Ընդ որում, դա արվում է չափազանց ենթատեքստային դիտարկմամբ, որ ոչ ոք «չի կարող կասկածել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելիի հայրենասիրությանը»: Էրդողանը նաև իր և «Արդարություն և զարգացում» կուսակցության հայրենասիրությանը կասկածող շրջանակներին է քննադատել:
Դա, հավանաբար, ակնարկ է, որ քրդերի նկատմամբ «ներողամիտ մոտեցումն» այն առավելագույնն է, ինչ հնարավոր է անել:
Ոչ ոք, իհարկե, չի կարող ասել, թե Թուրքիայի հանրությունը քրդերի հանդեպ իրականում ինչ վերաբերմունք ունի, բայց Էրդողանի հայտարարությունը հստակ հասցեագրված է արտաքին աշխարհին:
Նա ձևակերպել է, որ «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» քաղաքականությունը ոչ թե «թուլության, այլ հզորության արտահայտություն է»: Հասկացվում է, որ Թուրքիայի նախագահը միջազգային քաղաքականության ազդեցիկ դերակատարներին հորդորում է չփորձել քրդական գործոնն օգտագործել:
Թուրքիան մտել է ներքաղաքական սուր դիմակայության փուլ: Էրդողանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Դա նշանակում է, որ գործող սահմանադրությամբ նա չի կարող երրորդ ժամկետով նախագահի թեկնածու առաջադրվել:
Իրավիճակի հանգուցալուծման երկու հնարավորություն կա, կամ մինչև 2028 թվականը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում, և նա ևս մեկ ժամկետով նախագահ ընտրվելու հնարավորություն է ձեռք բերում, կամ սկսվում է «ժառանգորդին» հանրությանը ներկայացնելու գործընթաց:
Էրդողանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների դաշինքն «անխախտ է», Բահչելին շարունակում է մնալ կոալիցիոն գործընկեր, իրենք միասնաբար են «բացում Թուրքիայի նոր դարաշրջանի դռները»:
Հնարավո՞ր է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և քրդամետ DEM կուսակցությունները ներքաղաքական կյանքում գոնե մարտավարական համագործակցության հասնեն:
Թուրքիայի ներքին կյանքին իրազեկ փորձագետները նման հեռանկարն իրատեսական չեն համարում: Նրանք պնդում են, որ քրդերը Մուստաֆա Քեմալին «տասնապատիկ ավելի են ատում, քան՝ Էրդողանին». ոչ ոք չի մոռացել Քեմալի կողմից իրականացված քրդական ջարդերը, քրդաբնակ շրջաններում գործած ավերածությունները: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «նոր դար է մտնում որպես միասնական և ուժեղ պետություն», իսկ իշխանությունը «ոչինչ չի անի, որ դեմ կլինի երկրի զորությանը, նրա ազգային շահերին»:
Չափազանց կարեւոր է կանխատեսել, թե Թուրքիայի «նոր դարաշրջանում» ի՞նչ տեղ և նշանակություն է տրվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, «պատմական հաշտության» ի՞նչ մոդուս է տեսնում Էրդողանը:
Բաց մի թողեք
Ինչո՞ւ Սյունիքում ուժային հավասարակշռություն հաստատելու հրապարակային նպատակադրվածությամբ շրջանառվում է մի նախագիծ ․․․
Չպետք է «միամիտ լինել» և տպավորություն ստեղծել, թե Կոնգրեսում շրջանառված բանաձևը «Հայաստանի կամ Արցախի մասին է»
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»