16/07/2025

Դատավորների ռեզերվային ցուցակ է կազմվում

Բարձրագույն դատական խորհուրդը Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավորների թեկնածուների ռեզերվային ցուցակ է կազմում` հայտարարվել է մրցույթ, դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 4-ն է։

Հրապարակ թերթը գրել է․ Նման ցուցակ բոլոր դատարաններն ունեն: Դրանք թարմացվում են, երբ դատավորներից ինչ-որ մեկը դուրս է գալիս կամ տեղափոխվում է: Լրացվում է, որ կադրերի խնդիր չունենան` երբ թափուր տեղ առաջանա, նշանակում արվի։

Եվ քանի որ «նախկինների» գործերը հիմնականում քննվում են Հակակոռուպցիոն քրեական դատարանում, այս դատարանում նոր, երիտասարդ կադրեր են, որոնք 18-ից հետո են դատավոր դարձել:

Ոմանք էլ ՔՊ-ի հետ ժամանակին «տված-առած» մարդիկ են, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանը, որն ընտրություններին ՔՊ-ի ցուցակում է եղել։

Ռեզերվային ցուցակ կազմելու նպատակներից մեկն էլ «պահուստային դատավորներ» ունենալն է՝ անհրաժեշտության դեպքում ցանկալի դատավորին կարեւոր դատարանում նշանակելու համար։

Հետաքրքիր է, թե ովքեր են դիմելու՝ հակակոռուպցիոնի «ռեզերվային ցուցակում» ընդգրկվելու համար։

Դատական դեպարտամենտից հետաքրքրվեցինք. ովքե՞ր են դիմել՝ ցուցակում ներառվելու համար։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատուկ հաշվառում այս պահին չենք անում, դիմումների ընդունումն ընթացքի մեջ է, չունենք վերջնական տվյալներ, դրանք կտրամադրվեն վերջնական հաշվառումից հետո»։