Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցային գրառմամբ հրապարակայնացրել է նույն օրն Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին:
Զելենսկին գրել է, որ նրան և ադրբեջանցի ժողովրդին շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի հետ խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու համաձայնության առթիվ, կարևորել, որ պատմական առաջընթացը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հովանու ներքո և նրա անմիջական ներգրավվածությամբ:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նույն հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրության առաջին նախադասությամբ ընդգծել է, որ կողմերը «դատապարտել են ադրբեջանական Socar-ին պատկանող նավթաբազային, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում գտնվող ադրբեջանական այլ օբյեկտներին, ինչպես նաև գազամղիչ կայանին Ռուսաստանի նպատակաուղղված ավիահարվածները և վստահություն հայտնել, որ դա չի հանգեցնի էներգետիկ ոլորտում կողմերի համագործակցությանը»:
Այդ երկարաշունչ ձևակերպման հիմնական ասելիքն այն է, որ, Իլհամ Ալիևի համոզվածությամբ՝ Ռուսաստանի կողմից Օդեսայի մարզում «Օռլովկա» գազամղիչ կայանի և Socar-ի նավթաբազայի հրթիռակոծումն իրականացվել է «նպատակաուղղված», այսինքն՝ այդ օբյեկտները թիրախավորվել են որպես Ադրբեջանին պատկանող, իսկ Բաքուն դա ընկալում է որպես Ուկրաինայի հետ էներգետիկ համագործակցությունը տապալելու փորձ կամ, թերևս, նախազգուշացում:
Փաստացի Իլհամ Ալիևը հայտարարում է, որ այսուհետև Ադրբեջանը ռուս-ուկրաինական հակամարտության կողմ է՝ որպես Ուկրաինայի ռազմավարական դաշնակից: Ալիևը Զելենսկուն քաղաքական խորհուրդ արդեն տվել է՝ երբեք չհամաձայնել տարածքային կորուստների հետ:
Խիստ ուշագրավ է, որ նա Ադրբեջանը հակամարտության կողմ է հռչակել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ ունեցած բանակցություններից երկու օր հետո:
Ալիևն իրեն համարում է ոչ միայն փորձառու քաղաքական-պետական գործիչ, այլև՝ «վիրտուոզ դիվանագետ»: Եթե դա այդպես է, ուրեմն նա Դոնալդ Թրամփի հետ մոտ կես ժամ տևած առանձնազրույցից տպավորություն է ստացել, որ Միացյալ Նահանգները «սարի պես կանգնած է Ուկրաինայի թիկունքին»:
Սա չափազանց կարևոր է: Մեկ տարի առաջ, երբ Վլադիմիր Պուտինը նախ Բաքու գործուղեց Բատկային, ապա ինքը պետական այց կատարեց, Իլհամ Ալիևը երդվեց, որ առավելագույնը, ինչ կանի ուկրաինացի բարեկամ ժողովրդի համար, կլինի մարդասիրական օգնության շարունակականությունը:
Էներգետիկ ոլորտում համագործակցությունը, որի մասին նա խոսում է այսօր, լավագույն ցանկության դեպքում անգամ դժվար է «մարդասիրական աջակցություն» համարել:
Այդ քայլով Ալիևը «դասավորվում է հաղթողների ճամբարում»: Որքանո՞վ է հիմնավոր հաշվարկված այդ քայլը՝ մեր խնդիրը չէ: Մենք պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը հրաժարվում է էներգետիկ ծրագրերը Ռուսաստանի հետ համաձայնեցնելու պարտավորությունից, որ Ալիևը ստանձնել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից երկու օր առաջ՝ 2022 թվականի փետրվարի 22-ին:
Քաղաքական առումով Ադրբեջանը կանգնում է Ռուսաստանի դեմ պատերազմողների շարքում:
Բաց մի թողեք
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը և Թրամփ – Փաշինյան – Ալիև հանդիպումը
Ռուս – իրանական հարաբերություններում «ճեղքվածք» է առաջանում
Ռուսաստանը «միտումնավոր աղտոտել է Բաքու – Ջեյհան նավթամուղը» և ռմբակոծել