23/08/2025

Փեզեշքիանի մտահոգությունները՝ ԱՄՆ-ին երկխոսության լրացուցիչ օրակարգ առաջարկելու ենթատեքստ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանից մեկնել է Մինսկ: Բավական տհաճ հետագիծ է, եթե նկատի ենք ունենում, որ հայ-բելառուսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են:

Բայց Իրանի նախագահը Երևանում էլ դիվանագիտական նրբանկատությամբ առանձնապես աչքի չընկավ, երբ վերարծարծեց Սյունիքում հաղորդակցության բացմամբ Թեհրանի մտահոգությունների թեման:

Մի իրավիճակում, երբ Ադրբեջանը նույնպես ընդունում է, որ «Թրամփի կամուրջը» գործելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ փոխադրումների ռեժիմը կարգավորվելու է ՀՀ օրենսդրությամբ, Իրանի բոլոր անհանգստությունները պետք է փարատված լինեին, եթե խնդիրն, իրոք, տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և սահմանների ամնփոփոխելիության հարգումն է:

Հնարավոր է, Մասուդ Փեզեշքիանի «երևանյան մտահոգությունների» հասցեատերն Իրանի վերնախավի պահպանողական թևն է, գործադիր իշխանության ղեկավարը նրանց հավաստում է, որ «սեպարատ պայմանավորվածությունների չի գնա»:

Հակառակ դեպքում Իրանի նախագահի կեցվածքը որևէ հիմնավորում պարզապես չունի:

Մանավանդ որ Մինջևան-Մեղրի-Ջուլֆա երկաթուղային հաղորդակցության վերականգնումն Իրանի համար ուղղակի գտածո է: Ավելի քան մեկուկես տասնամյակ է, Իրանը միջոցներ չի գտնում, որպեսզի ձեռնամուխ լինի Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցմանը և Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ հաղորդակցություն հաստատի:

«Թրամփի կամուրջն» Իրանին ազատում է մոտ երեք միլիարդ եվրո ծախսից, բացում դեպի Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռում, որպեսզի Պարսից ծոցը կապվի Սև ծովի հետ:

Քաղաքական առումով այդ նախագիծը Միացյալ Նահանգների հետ Իրանի շփման հնարավորություն է, ինչին տրամաբանորեն կարող են աջակցել Եվրամիությունը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, գուցե նաև՝ Թուրքիան:

Այս համատեքստում Փեզեշքիանի մտահոգություններից կարելի է ենթադրել, որ Թեհրանն սկզբունքորեն համաձայն է, բայց «դեմք պահելու» համար շարունակում է պահել քարոզչական տեմպը:

Հնարավոր է, դա նաև Միացյալ Նահանգներին երկխոսության լրացուցիչ օրակարգ առաջարկելու ենթատեքստ ունի:

Ամեն դեպքում Հայաստանի աշխարհաքաղաքական հնարավորությունը պետք է օգտագործվի լիովին և բացառապես այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որ համաձայնեցվել են Վաշինգտոնում: