09/09/2025

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Երևանում մեծ խորհրդաժողով և հանրահավաք է

Սեպտեմբերի 2-ը, որը նախկինում պետական մակարդակով նշվում էր որպես Արցախի Հանրապետության հռչակման օր, այս տարի նշվելու է ընդդիմադիր ուժերի նախաձեռնած միջոցառումներով։ 

Նախ, նախորդ շաբաթ հայտարարվեց օրվան նվիրված՝ «Վերադարձ» խորագրով միասնության հանրահավաքի մասին, որը պետք է կայանա սեպտեմբերի 2-ին՝ Ազատության հրապարակում։

Թեեւ տարածված հայտարարության մեջ կազմակերպիչների անուններ նշված չէին, այդուհանդերձ ակնհայտ է, որ հավաքի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է ՀՅԴ-ին։

Հատկանշական է, որ անգամ ներընդդիմադիր սրված տրամադրությունների պայմաններում ՀՅԴ-ին հաջողվել է այս օրակարգի շուրջ ապահովել ներընդդիմադիր յուրատեսակ համախոհություն, եւ տարբեր ուժերի ներկայացուցիչներ արդեն իսկ հանդես են եկել հավաքին մասնակցելու կոչով։

Թերեւս նման ջանքերի գլխավոր նպատակն Արցախյան շարժման էջը մեկընդմիշտ փակելու Փաշինյանի հայտարարություններին հակազդելը եւ հարցի կարգավորմանը ներգրաված միջազգային դերակատարներին համապատասխան ուղերձ հղելն է։

Բացի այդ, արդեն օգոստոսի 30-ին ՀՅԴ-ն տարածեց պաշտոնական հաղորդագրություն՝ տեղեկացնելով սեպտեմբերի 2-ին կազմակերպվող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի մասին։

Հաղորդագրության մեջ նշվում էր՝ խորհրդաժողովը հյուրընկալելու է պատվիրակներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից, ինչպես նաեւ՝ Արցախից եւ Հայաստանի Հանրապետությունից։

Արցախի տեղեկատվական շտաբը նաեւ հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա Արցախի ազատության համար նահատակված «Արցախի կանչը» անունը կրող հուշահամալիրի բացման արարողությունը։

Մեր տեղեկություններով՝ հուշահամալիրի կառուցումը նախաձեռնել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Այսպիսով, այս տարի սեպտեմբերի 2-ը հագեցած կլինի միջոցառումներով, որոնք կազմակերպվում են ընդդիմադիր ուժերի կողմից։ Կարծես ընդդիմադիրներն ընտրել են Փաշինյանի հայտարարություններին զանգվածային միջոցառումներով արձագանքելու մարտավարությունը։

Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը։

ՀՅԴ ԳՄ-ից հայտնում են, որ այն կանդրադառնա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հակամարտությունները լուծելու անթույլատրելիությանը, Արցախի հարցի չլուծված մնալուն, արցախահայության` հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ առանցքային հարցերը․

• Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանը և ընթացող գործընթացների վտանգավոր միտումները,

• միջազգային հանրության պատասխանատվությունը և արդար ու կայուն խաղաղության անհրաժեշտությունը,

• անցյալի փորձի կիրառումը ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում,

• արցախահայության շահերի պաշտպանությունը և վերադարձի իրավունքի իրացումը որպես կայուն խաղաղության նախապայման,

• մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը Ադրբեջանի կողմից ոչնչացման և յուրացման քաղաքականության պայմաններում,

• գերիների վերադարձի և հումանիտար հարցերի հրատապ լուծումը որպես փոխվստահության մթնոլորտի ձևավորման հիմք։

Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից։

Խորհրդաժողովը նպատակ ունի ձևավորել միջազգային և ներազգային համախմբում՝ Արցախի հարցի արդար լուծման, արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման համար։