Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ, օգոստոսի 29 –ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների հարցը:
Օգոստոսի 30-ին հայտնի է դարձել, որ նրա կարգադրությամբ նախագահի աշխատակազմում ստեղծվել է նոր՝ ռազմավարական համագործակցության հարցերով վարչություն, որի աշխատանքների համակարգումը վերապահվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիենկոյին:
Ակնհայտ է, որ այդ կառույցն ստեղծվում է ամենին առաջ հետխորհրդային երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններն ամրապնդելու նպատակով: Իսկ ուշագրավն այն է, որ նման որոշում Վլադիմիր Պուտինը կայացրել է Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո:
Պուտինի խորհրդական Ուշակովն, ընդսմին, սեպտեմբերի 1-ին ասել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը «մի շարք սկզբունքային հարցերում հասել են շոշափելի փոխըմբռնման»: Նա հավելել է, որ ՇՀԿ գագաթնաժողովի «կուլուարներում Պուտինը մի քանի գործընկերների ներկայացրել է այդ պայմանավորվածությունները»:
Այս ֆոնին «Նեզավիսիմայա գազետան» հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին «պետական այց կկատարի Տաջիկստան»: Թերթի աղբյուրների տեղեկություններով, այդ ընթացքում Տաջիկստանի նախագահն «ամենայն հավանականությամբ կհայտարարի ԵԱՏՄ-ին անդամակցության մասին»:
Կենտրոնական Ասիայի երկրներից ԵԱՏՄ անդամ են Ղազախստանը և Ղրղզստանը, Տաջիկստանի անդամակցությունը տարածաշրջանում սկզբունքոերեն ուժերի նոր հարաբերակցություն կստեղծի:
Իրազեկ այլ աղբյուրներ կասկածում են, որ Էմոմալի Ռահմոնը «նման որոշում է կայացրել անձնական մոտիվացիայով»: Նրա որդին՝ Ռուստամ Էմամալին, գլխավորում է Տաջիկստանի խորհրդարանը և համարվում է հոր իրավահաջորդը:
«Նեզավիսիմայա գազետա»-ի տեղեկություններով, Դուշանբեում հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինը «կազմակերպում է նաև միանգամից երկու՝ ԱՊՀ երկրների և «Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» գագաթաժողով:
ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Պուտին-Ալիև պաշտոնական հանդիպում չի կազմակերպվել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, սակայն, հույս ունի «երկու նախագահները կշփվեն»:
Եթե Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթաժողովի մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա բարդ է ասել, թե արդյոք Ադրբեջանի նախագահը դրան կմասնակցի: Մինչ այդ հնարավո՞ր է հասնել ռուս-ադրբեջանական սկզբունքային «ապասառեցման»:
Ալիևը սաուդյան «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում դարձյալ պնդել է, որ Ռուսաստանը պետք է ստանձնի Բաքու – Գրոզնի օդանավի խորտակման պատասխանատվությունը: Պուտինը կգնա՞ այդ պահանջի բավարարմանը: Իսկ եթե նրա և Ալիևի հարաբերությունները չկարգավորվեն, Ադրբեջանը կհեռանա՞ ԱՊՀ-ից:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքն» էլ պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը
Համաձայնագիրը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանի, ինչպես նաև լայն աշխարհագրության համար. Ալիև
Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար «կանաչ լույս» կստանա ԵԱՏՄ-ում